13 հունվարի 2016 - 16:01 AMT
Ուորլիք. ԼՂ-ում լայնամասշտաբ պատերազմը կավերի տարածաշրջանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս է հայտնել, որ 2016թ.-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կնստեն բանակցությունների սեղանին՝ պատրաստ կարգավորման շուրջ առաջընթաց գրանցել։

Ամերիկացի դիվանագետը նաև հուսով է, որ կողմերը կդադարեն բռնություն գործածել ու խուսափել կրքեր բորբոքող հռետորաբանությունից, որը հարցականի տակ է դնում խաղաղության հասնելու՝ նախագահների ընդհանուր նպատակը։

«Նախագահ Ալիևն ու նախագահ Սարգսյանն այն երկու մարդիկ են, որոնց ձեռքում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանալին։ Նրանք պետք է հնարավորինս հաճախ հանդիպեն՝ խաղաղությանն ուղղված առաջընթաց գրանցելու համար։ Մենք նաև աջակցում ենք բանակցություններին, որոնք իրականացվում են նախագահներից ցածր մակարդակով` քննարկելու համապարփակ կարգավորման բազմաթիվ տարրերը։ Նման ջանքերը վստահություն կկառուցեն, կնվազեցնեն լարվածությունն ու կբարելավեն կարգավորման շուրջ երկխոսության մթնոլորտը», - ասել է Ուորլիքը, գրում է Tert.am-ը։

Նա նկետել է, որ նախագահներն իրենք հրապարակայնորեն իրենց հավատարմությունն են հայտնել հակամարտության խաղաղ կարգավորմանը։

« Մենք հասկանում ենք դա նրանց խոսքից։ Լայնամասշտաբ պատերազմը կավերի տարածաշրջանը, և մենք հավատացած ենք, որ նախագահները դա հասկանում են» - շեշտել է դիվանագետը։

Դեկտեմբերի 19-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկխոսությունը շարունակվել է մեկ ժամից ավելի:

Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը տեղեկացրել է, որ Սարգսյանի և Ալիևի առանձնազրույցը անցել է փակ դռների հետևում։ Առանձնազրույցից հետո ներս հրավիրեցին համանախագահներին և արտգործնախարարներին: Այդ ձևաչափով հանդիպումը տևեց մոտ 40 րոպե:

Բեռնում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած գագաթնաժողովից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեռ Անդրիոյը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) համատեղ հայտարարություն են տարածել: Հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպումը հնարավորություն է ընձեռել նախագահներին հստակեցնելու իրենց դիրքորոշումը առանձնազրույց տեսքով հանդիպման ժամանակ: