14 հունվարի 2016 - 11:46 AMT
Գերմանիայի ԱԳ նախարար. Մասնակցելու ենք ԼՂ հակամարտության կարգավորմանը

Գերմանիան ստանձնում է Եվրոպայի անվտանգության և գործակցության կազմակերպության ղեկավարությունը դժվարին ժամանակահատվածում: ԵԱՀԿ-ն անհրաժեշտ է որպես երկխոսության և վստահության ստեղծման հարթակ, ասված է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հայտարարության մեջ:

Հունվարի 1-ից ԵԱՀԿ-ի նախագահությունը Սերբիայից փոխանցվել է Գերմանիային:

«Ահաբեկչությունը Ստամբուլում, ճգնաժամը Մերձավոր Արևելքում և հակամարտությունն Ուկրաինայի արևելքում ցույց են տալիս, որ Գերմանիան ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնել է բարդ ժամանակահատվածում: Ես վստահ եմ, որ հենց այժմ ԵԱՀԿ-ն մեզ պետք է որպես երկխոսության և վստահության ստեղծման հարթակ»,-ասել է Շտայնմայերը, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Tert.am-ը:

Նախարարը նշել է, որ Գերմանիան մտադիր է ամրապնդել ԵԱՀԿ-ի հնարավորությունները՝ հակամարտությունների լուծման համար:

«Մենք նաև մասնակցելու ենք Լեռնային Ղարաբաղում, Մերձդնեստրում և Հարավային Կովկասում հակամարտությունների լուծմանն ու ակտիվացնելու ենք ԵԱՀԿ առաքելությունները տեղերում»,- ասել է նա:

Շտայնմայերը հունվարի 14-ին մեկնելու է Վիեննա, որտեղ ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում ներկայացնելու է կազմակերպությանը Գերմանիայի նախագահության շրջանի ծրագիրը։