15 հունվարի 2016 - 11:02 AMT
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Հայաստանի առաջնության միանձնյա առաջատարն է

Երևանում ընթացող շախմատի Հայաստանի առաջնությունում հունվարի 14-ին կայացել են 3-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց մրցաշարում աղյուսակը միանձնյա գլխավորում է գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, որն այս տուրում հաղթել է Հովիկ Հայրապետյանին և վաստակել 2,5 միավոր: Նրան համաքայլ ընթացող Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը ոչ ոքի են ավարտել իրենց պարտիաները և զրկվել առաջատարի կարգավիճակից: Նրանց հաջորդում է 5 շախմատիստ, որոնք ունեն 1,5-ական միավոր: Հանրապետության գործող չեմպիոն Կարեն Հ. Գրիգորյանն առայժմ վատ է հանդես գալիս և մեկ միավորով գտնվում է ետնապահների խմբում, հայտնում է «Ա1+»-ը:

Չորրորդ տուրի պարտիաները տեղի կունենան հունվարի 15-ին: Մրցաշարի առաջատար Զավեն Անդրիասյանը սպիտակներով կմրցի երիտասարդ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանի հետ: Մրցաշարային առումով սկզբունքային նշանակություն ունեն նաև Հովիկ Հայրապետյան - Արման Փաշիկյան և Նորայր Թորոսյան - Ռոբերտ Հովհաննիսյան հանդիպումները:

Հայաստանի կանանց առաջնությունում գերազանց է հանդես գալիս միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը, որը բոլոր երեք տուրերում հաղթանակ է տարել և ներկայումս վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նա արդեն մեկ միավորով գերազանցում է Սուսաննա Գաբոյանին և Արփինե Գրիգորյանին: Վերջինս վաղը սպիտակներով կհանդիպի հենց Մարիա Գևորգյանի հետ և կփորձի կրճատել միավորների տարբերությունը: