15 հունվարի 2016 - 13:48 AMT
2015-ին ՀՀ բանկերում ավանդներն աճել են 125 մլրդ դրամով

2015-ի դրությամբ ՀՀ-ն ունի $1 մլրդ 771 մլն-ի միջազգային պահուստներ, որը նոյեմբերի դրությամբ 220 մլն-ով ավելացել է: Այս մասին հայտնել է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

«Սա այն պաշարն է, որը հետագայում օգտագործվելու է դրամի արժեզրկման ռիսկերի պարագայում՝ դա ապահովագրելու համար: Եթե մեր հարևան երկրներում նկատում ենք արժույթի արժեզրկման դեպքեր, այսինքն` զարգացող երկրներն այժմ նավթի գներից ելնելով ճնշման տակ են, եղած պահուստները կարող են ապահովել դրամի արժեզրկումից», - պարզաբանել է Խաչատրյանը:

Տնտեսագետն ասել է նաև, թե 2015-ի ընթացքում հայաստանյան բանկերում ավանդերի աճը կազմել է 125 մլրդ դրամ, գրում է Tert.am-ը:

«Սա կարելի է և՛ դրական գնահատել, որ մարդկանց խնայողություններն են ավելացել, և՛ բացասական, որ տնտեսության մեջ 125 մլրդ դրամի գումար չի մտել և դա գնացել է բանկերին որպես ավանդ», - նկատել է Խաչատրյանը:

Խաչատրյանի գնահատմամբ՝ համաշխարհային տնտեսության մեջ այնպիսի վիճակ է, որ շատ դեպքերում տնտեսագետները դժվարանում են կանխատեսումներ անել ու գնահատականներ տալ: