15 հունվարի 2016 - 14:31 AMT
Պայթյուն Ստամբուլի Թարգմանչաց վարժարանի տարածքում. Պատճառը մեթանի կուտակումը կարող է լինել

Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու և հայկական Թարգմանչաց վարժարանի տարածքում հունվարի 13-ի առավոտյան պայթյուն է որոտացել:

Պայթյունը տեղի է ունեցել տարածքում գտնվող կոյուղու դիտահորում, ինչի հետևանքով դիտահորի՝ մոտ 60կգ կշռող կափարիչը օդ է նետվել, Habertürk-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Պայթյունի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան, բայց բնակիչների շրջանում խուճապ է առաջացել: Դեպքի վայր են կանչվել ոստիկանության, ինչպես նաև Ստամբուլի ջրամատակարարման և գազամատակարարման ծառայությունների աշխատակիցները:

Վերջիններիս կատարած հետազոթույունների արդյունքնում առաջ է քաշվել այն վարկածը, որ պայթյունի պատճառ կարող էր լինել կոյուղում մեթան գազի կուտակումը: Դեպքի առթիվ ոստիկանությունում հետաքննություն է սկսվել: