15 հունվարի 2016 - 17:42 AMT
Լոնդոնում անցկացվել են հայ-բրիտանական ռազմաքաղաքական խորհրդակցություններ

Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավարության պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանական բնագավառում համագործակցության շրջանակներում Լոնդոնում հունվարի 14-ին անցկացվել են հայ-բրիտանական երկրորդ ռազմաքաղաքական խորհրդակցությունները, որին հայկական կողմից մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են 2015թ. երկկողմ համագործակցության արդյունքները և քննարկվել են հայ-բրիտանական պաշտպանական բնագավառում 2016-2017թ.թ. համագործակցության հեռանկարները:

Քննարկումների արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը և քննարկումներին մասնակցող բրիտանական պատվիրակության ղեկավար, Միացյալ Թագավորության միջազգային անվտանգային քաղաքականության (Director International Security Policy) տնօրեն Նիք Գըրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավարություն պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանական բնագավառում 2016-2017 թվականների համագործակցության պլանը:

Այն ընդգրկում է համագործակցության մոտ երկու տասնյակ ուղղություններ, որոնք հիմնականում առնչվում են ռազմական կրթությանը և վերապատրաստմանը, տարբեր ոլորտներում փորձի փոխանակմանը և այլն: ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո նախատեսվող ՀՀ պաշտպանությանը և անվտանգությանը վերաբերող օրենսդրության վերանայման նպատակով, հաշվի առնելով վերոնշյալ ոլորտներում Մեծ Բրիտանիայի խորհրդարանական կառավարման մեծ փորձը՝ համագործակցության պլանով նախատեսվում է խորհրդատվական աջակցություն:

Ռազմաքաղաքական խորհրդակցությունների ամփոփումը իրականացվել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության պահեստազորի և միջազգային պաշտպանական համագործակցության հարցերով պետական նախարար պարոն Ջուլիան Բրեյզերի հետ հանդիպման ընթացքում:

Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ ՊՆ պատվիրակության հանդիպումը ՄԹ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով դիրեկտորատի (Head of Eastern Europe & Central Asia Directorate, Foreign and Commonwealth Office) տնօրեն Մայքլ Թաթհամի հետ: Քննարկվել են երկկողմ պաշտպանական համագործակցությանը, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցեր: Մասնավորապես՝ ներկայացվել է զինված դիմակայության իրավիճակը:

Հունվարի 15-ին Միացյալ Թագավորության խորհրդարանում նախատեսվում է հանդիպում ՄԹ խորհրդարանի բոլորը կուսակցությունները ներկայացնող Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ, ՄԹ խորհրդարանի անդամ Ստեֆան Փաունդի հետ:

Պատվիրակության աշխատանքներին իր մասնակցությունն է բերել ՄԹ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության դեսպանորդ Արմեն Լիլոյանը: