16 հունվարի 2016 - 17:26 AMT
ԼՂՀ ԱԺ խմբակցությունները ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների վերաբերյալ հայտարարություն կանեն

ԼՂՀ Ազգային ժողովի 5 խմբակցություն համատեղ հայտարարություն կանի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԵԽԽՎ շրջանառության մեջ դրված հակահայ զեկույցների վերաբերյալ:

ԵԽԽՎ-ն պետք է 2016-ի հունվարի 26-ին քվեարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երկու որոշման նախագծերի շուրջ՝ «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»:

ԼՂ ԱԺ «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանը տեղեկացրել է, որ հունվարի 23-ի ԵԽԽՎ լիագումար նիստին ընդառաջ, որտեղ քննարկվելու են հակահայ զեկույցները, Ղարաբաղի խորհրդարանը հայտարարություն կանի:

«Մենք կաշխատենք այն ուղղությամբ, որ հայտարարությունը դիվանագիտական և այլ օղակներով հասնի ԵԽԽՎ պատվիրակներին: Ընտրել ենք ներազդման այս տարբերակը՝ մինչև հարցերի քննարկումը լիագումար նիստում»,- նշել է Խանումյանը, գրում է Tert.am-ը:

Միաժամանակ, պատգամավորը նշել է, որ եթե այդ զեկույցներն ընդունվեն Վեհաժողովի կողմից, դառնան բանաձևեր, որևէ ազդեցություն՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա չեն ունենա:

Պատգամավորը նկատել է, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը «լավ ժամանակներ» չի ապրում, քանի որ Վեհաժողովում Հայաստանի գործընկեր ամենամեծ պատվիրակություններից մեկը՝ Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը, չի մասնակցում քվեարկությանը:

Նոյեմբերի 4-ին Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին ձայների 24 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ, հավանության է տրվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցին:

Հայկական պատվիրակությունն առաջարկ է ներկայացրել, որ քննարկումը դադարեցվի և նոր զեկուցող նշանակվի, ով կլինի ավելի օբյեկտիվ և իրականության հետ աղերս ունեցող զեկույց կներկայացնի, այլ ոչ թե կլինի Ադրբեջանի կամակատարն ու պատվերների կատարողը, ինչը սակայն մերժվել է:

Կարդացեք նաև՝ ԱԺ փոխնախագահ. ԵԽԽՎ-ում փորձում ենք բացատրել հակահայկական զեկույցների ընդունման վտանգը

Եվրոպայի հայկական կազմակերպությունը ԼՂ հարցով ԵԽԽՎ-ին խնդրագիր է ուղղել