Հունվարի 16-ի առավոտյան համայցից հետո հանրապետության հիվանդանոցներից դուրս է գրվել սուր շնչառական վարակներից ապաքինված 150 քաղաքացի, որից 135-ը` մինչև 18 տարեկան։ Դուրս գրվածներից 60-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, նրանցից 36-ը` երեխաներ։
Կարևոր է, որ գնալով նվազում է ինչպես հիվանդանոցային բուժում ստացողների, այնպես էլ` ծանր վիճակում բժշկական օգնության դիմողների թիվը։
H1N1 վարակով 7 հիվանդի մոտ առողջացման դրական տեղաշարժ է արձանագրվել։ Հունվարի 16-ին նրանք վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել են հիվանդասենյակ։
Միաժամանակ, բժիշկներին հաջողվել է արհեստական շնչառական սարքի միացված ևս մեկ հիվանդի դուրս բերել ծայրահեղ ծանր վիճակից: Հիվանդի վիճակը բարելավվում է։
Հունվարի 15-ի տվյալներով՝ ՀՀ-ում մահացել է H1N1-ով (խոզի գրիպ) հիվանդ 14 մարդ: Մահացածները բժիշկին էին դիմել հիվանդության ի հայտ գալուց տևական ժամանակ անց ու ունեին այլ առողջական խնդիրներ:
Սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 992 դեպք, որից 873-ը` 18-ից ցածր տարիքի: 502 հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է թոքաբորբով։ Նրանցից 231-ը մինչև 18 տարեկան է։ Հիվանդանոցային բուժում է ստանում 121 հղի։
Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ Հանրապետությունն ապահովված է «Տամիֆլյու» (օսելտամիվիր (օսելտամիվիրի ֆոսֆատ) 75 մգ հակավիրուսային դեղի անհրաժեշտ քանակությամբ: Ձեռքբերված «Տամիֆլյուի» հավելյալ քանակն արդեն իսկ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով բաշխվել է հանրապետության բոլոր բժշկական հաստատություններին` թե հիվանդանոցներին, թե ամբուլատոր-պոլիկլինիկական օղակին: Բժշկական ցուցումների առկայության դեպքում` բժշկի նշանակմամբ «Տամիֆլյու» (օսելտամիվիր (օսելտամիվիրի ֆոսֆատ) 75 մգ հակավիրուսային դեղը բնակչությանը տրամադրվում է անվճար:
Նախարարությունը հորդորում է գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ:
Կարդացեք նաև՝ Ինչպե՞ս խուսափել գրիպից. Հուշաթերթ հղիների համար
ԱՆ. Երբ՞ է անհրաժեշտ երեխային անմիջապես տեղափոխել հիվանդանոց