18 հունվարի 2016 - 10:18 AMT
ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից

Հանգստյան օրերին` հունվարի 16-ին և 17-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 900 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հունվարի 10-16-ն ընկած ժամանակահատվածում շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից, ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Բացի վերոնշյալից, հունվարի 14-ին շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ: Արդյունքում՝ հակառակորդի առնվազն երկու զինծառայող սպանվել է, խմբի մնացած անդամները դիմել են փախուստի: Արձանագրված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել: