18 հունվարի 2016 - 13:11 AMT
ՌԴ-ն պատրաստ է քննարկել ԵՏՄ և Հոնկոնգի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը

Ռուսաստանը պատրաստ է քննարկել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Հոնկոնգի միջև ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման հարցը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը` Հոնկոնգում ընթացող Ասիական ֆինանսական համաժողովի ժամանակ:

«Վերջերս ազատ առևտրի գոտու մասին առաջին համաձայնագիրն ենք ստորագրել ԵՏՄ-ի և Վիետնամի միջև, բանակցություններ են ընթանում Իսրայելի հետ: Մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը նաև Հոնկոնգի հետ»,- ասել է Դվորկովիչը:

Նա նշել է, որ ՌԴ-ն միտված է Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ սերտ համագործակցության։

Ըստ փոխվարչապետի, Հոնկոնգ նախատեսվող այցի ընթացքում ծրագրվում է համաձայնագիր ստորագրել կրկնակի հարկումից խուսափելու մասին, ինչը թույլ կտա բարելավել ռուսական և հոնկոնգյան բիզնեսի փոխգործակցությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարել է, որ ավելի քան 40 երկիր, այդ թվում Չինաստանը, ցանկություն է հայտնել ԱԱԳ ստեղծել ԵՏՄ հետ: Դա հաստատեց նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Ընդհանուր առմամբ ԵՏՄ հետ համագործակցության հարցով հետաքրքրվում է արդեն մոտ 40 երկիր, բոլորի հետ բանակցություններ են ընթանում համագործակցության տարբեր հարթակներ ստեղծելու ուղղությամբ` ներառյալ առևտրի տնտեսական գոտիները»,-ասել է Մեդվեդևը Օտարերկրյա ներդրումների խորհրդատվական խորհրդի նիստում: Նա հիշեցրել է, որ ԵՏՄ-ն արդեն համաձայնագիր է կնքել առևտրի ազատ գոտու ստեղծման մասին Վիետնամի հետ:

Մեդվեդևը նշել է, որ օտարերկրյա ընկերությունների համար ԵՏՄ-ն հնարավորություն կտա ընդլայնել ներկայությունը 5 պետությունների շուկաներում:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: