21 դեկտեմբերի 2006 - 13:47 AMT
Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության զինծառայողների 37 տոկոսը հայեր են
Սերգեյ Բոնդարեւ. 2005 թվականից «Երեւան» («Զվարթնոց» օդակայան) վերահսկիչ անցագրային կետի պաշտպանությունն իրականացնում են հայ եւ ռուս սահմանապահները: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հաղորդել Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բոնդարեւը: Նրա խոսքերով, ռուս սահմանապահներին մեծապես աջակցում է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը: «Մենք հատուկ տեխնիկա ենք ստացել, որը թույլ տվեց էապես կրճատել ուղեւորների սահմանային վերահսկման ձեւակերպման ժամկետը»,-ասել է Բոնդարեւը:

Սերգեյ Բոնդարեւը հավելել է նաեւ, որ Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության զինծառայողների 37 տոկոսը հայեր են: «24 տոկոսը` ռուսական բանակի հայազգի սպաներ են, պրապորշչիկների 90 տոկոսը` Հայաստանի քաղաքացիներ են»,-ասել է նա: Ռուս սահմանապահների ղեկավարն ընդգծել է նաեւ, որ 2006 թվականի ընթացքում սահմանապահ ջոկատում ազգամիջյան հարաբերությունների հետ կապված խնդիրներ չեն եղել, իսկ հանցավորությունը նվազել է: