21 դեկտեմբերի 2006 - 16:58 AMT
Արեւմուտքը կփորձի ազդել Հայաստանի ընտրությունների գործընթացի եւ արդյունքների վրա
Արեւմուտքը, անկասկած, կփորձի ազդել Հայաստանի ընտրությունների գործընթացի եւ արդյունքների վրա, սակայն շատ բան կախված կլինի այն բանից, թե որքան երկար եւ ինչպես կզարգանա ռուս-վրացական դիմակայությունը: Այդ մասին «Նովոե Ռուսկոե Սլովո» նյու-յորքյան թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Հայերի Միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը: Նրա խոսքերով, չնայած Արեւմուտքի տնտեսական եւ ռազմական գրավչությանը, Ռուսաստանը Կովկասում ավելի շատ դաշնակիցներ ունի, եւ Հայաստանում` հատկապես: «Պատահական չէ, որ Հայաստանի բոլոր ազդեցիկ քաղաքական գործիչները հանդես են գալիս Ռուսաստանի հետ սերտ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների պահպանման օգտին: Դա, առաջին հերթին, վերաբերվում է երկրի առաջին դեմքերին` նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին, որը, ի դեպ, նաեւ զբաղեցնում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահի պաշտոնը»,- ընդգծել է ՌՀՄ նախագահը:

Միեւնույն ժամանակ, նա հաստատել է, որ նա շատ մտերիմ եւ բարի հարաբերությունների մեջ է հանրապետականների ղեկավարների հետ: «Սերժ Սարգսյանին ես գնահատում եմ որպես հայոց բանակի արդյունավետ ղեկավարի, որպես պրոֆեսոինալ քաղաքական գործչի, ես հավանում եմ նրա գործնական որակները: Սակայն որոշումն այն մասին, թե ում աջակցել ընտրություններին, ամենայն հավանականությամբ, կընդունենք հունվարին` Ռուսաստանի Հայերի Միության մեծ խորհրդի ժամանակ, երբ կծանոթանանք առաջատար կուսակցությունների նախընտրական ծրագրերին, կգնահատենք նրանց կողմից առաջ քաշված գերակայությունները եւ հասունացած խնդիրները լուծելու միջոցները»,- ասել է Աբրահամյանը: