21 հունվարի 2016 - 18:52 AMT
Միջազգային կազմակերպությունների կոչը՝ դադարեցնել պատերազմը Սիրիայում

Ավելի քան հարյուր տարբեր ինստիտուտ և մարդասիրական կազմակերպություն ՄԱԿ-ի հովանու ներքո միջազգային հանրությանն ուղղված կոչով են հանդես եկել` դադարեցնել քաղաքացիական պատերազմը Սիրիայում:

Կոչում մասնավորապես խոսվում է Սիրիայի խաղաղ բնակչության տառապանքներին վերջ դնելու և այդ երկրում ճգնաժամը հանգուցալուծելու անհրաժեշտության մասին, «Դոյչե Վելեն»-ին հղումով գրում է Panorama.am-ը:

«Հանուն միլիոնավոր տառապյալ անմեղ մարդկանց և հանուն նրանց, ում կյանքն ու ապագան մազից են կախված, մենք կոչ ենք անում քայլեր ձեռնարկել»,- ասված է կոչում:

Նախաձեռնող կազմակերպությունները հիշեցրել են, որ առաջին անգամ խաղաղության կոչով իրենք դիմել են միջազգային հանրությանը 2013թ-ին, ինչից անցել է արդեն 3 տարի, իսկ հրեշավոր պատերազմը դեռ շարունակվում է, ու մարդկանց տառապանքներն ավելի են սաստկանում:

2011-ի մարտին Սիրիական կոնֆլիկտի սկսման պահից մինչև հիմա Սիրիայում զոհվել է 260 հազար մարդ, 4,6 մլն. մարդ հարկադրված է եղել լքել Սիրիան` դառնալով փախստական, երկրի ներսում 13,5 մլն մարդու շտապ հումանիտար օգնություն է անհրաժեշտ: