22 հունվարի 2016 - 17:07 AMT
Մինսկի խումբը՝ ԵԽԽՎ 2 բանաձևի մասին. ՄԽ-ն ԼՂ հիմնախնդրի լուծման միակ ձևաչափն է

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ հայտարարություն են տարածել: Հայտարարությամբ նրանք ողջունում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման շուրջ գործադրվող ջանքերը և պատրաստ են աշխատել նրանց հետ, ովքեր կողմ են հիմնախնդրի խաղաղ լուծմանը, հայտնում է Panorama.am-ը:

«Մենք հասկանում ենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) առաջիկայում կարող է քննարկել ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող երկու բանաձևերը, հետևաբար հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին ու միջազգային ու տարածաշրջանային մյուս կազմակերպություններին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հիմնախնդրի լուծման ու բանակցությունների միակ ձևաչափն է: Մենք գնահատում ենք ԵԽԽՎ անդամների ցուցաբերած հետաքրքրությունը, բայց հորդորում ենք չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը»,- նշվում է համանախագահների հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում քվեարկության է դրվելու «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» և «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ հակահայկական զեկույցները։

Նոյեմբերի 4-ին Փարիզում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին ձայների 24 կողմ, 16 դեմ հարաբերակցությամբ, հավանության է տրվել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայ զեկույցին:Հայկական պատվիրակությունն առաջարկ է ներկայացրել, որ քննարկումը դադարեցվի և նոր զեկուցող նշանակվի, ով կլինի ավելի օբյեկտիվ և իրականության հետ աղերս ունեցող զեկույց կներկայացնի, այլ ոչ թե կլինի Ադրբեջանի կամակատարն ու պատվերների կատարողը, ինչը սակայն մերժվել է: