23 հունվարի 2016 - 14:12 AMT
Սիրիան զգուշացրել է. ԱՄՆ զորքերի տեղակայումն առանց Դամասկոսի թույլտվության կհամարվի ագրեսիա

Առանց Դամասկոսի թույլտվության ԱՄՆ զինվորականների տեղակայումը Սիրիայում, որի վերաբերյալ հայտարարություն էր արել Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը, կգնահատվի որպես ագրեսիա: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը, հայտնում է Lenta.ru-ն:

«Ցանկացած միջամտություն Սիրիայի գործերին առանց պաշտոնական կառավարության համաձայնության համարվում է ագրեսիա սիրիական ժողովրդի դեմ»,-ասել է դիվանագետը:

Հունվարի 22-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարեց, որ կոալիցիան ցամաքային ուժեր կգործուղի Սիրիա և Իրաք ահաբեկչական «Իսլամական պետւթյան» դեմ պայքարում: Քարթերը հայտարարել է, որ ԻՊ դեմ պայքարի ռազմավարության շրջանակում Իրաքում և Սիրիայում ցամաքային գործողություն կիրականացվի: Նա հավելել է, որ կցանկանար ամերիկացի զինվորներին տեսնել իրաքյան Մոսուլում և սիրիական Ռաքքայում, որոնք համարվում են ԻՊ հենակետերը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր չէ նոր լայնածավալ պատերազմի մեջ ներքաշվել Սիրիայում և Իրաքում:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

2011-ի մարտին Սիրիայում հակամարտության մեկնարկից մինչ օրս զոհվել է 260 հազար մարդ, 4,6 մլն. մարդ հարկադրված է եղել լքել Սիրիան` դառնալով փախստական, երկրի ներսում 13,5 մլն մարդու շտապ հումանիտար օգնություն է անհրաժեշտ: