25 հունվարի 2016 - 11:05 AMT
Սիրիական բանակը կարևոր նշանակության քաղաք է ազատագրել Լաթաքիայում

Սիրիայի կառավարական զորքերը հսկողություն են հաստատել Լաթաքիայի Ար Ռաբիա քաղաքում: Այդ մասին հայտնել է Reuters-ը Սիրիայի պետական հեռուստատեսության և Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների սիրիական իրավապաշտպան կազմակերպության վրա հղումով: Ըստ գործակալության, գրոհին մասնակցել են նաև ռուս սպաներ, ռուսական օդուժի աջակցությամբ:

Դա Բաշար Ասադին սատարող ուժերի համար ելք է բացել մինչև Թուրքիայի սահման, հայտնում է ՌԲԿ-ն:

Հաջող գրոհի մասին հայտնել է նաև Սիրիայի SANA գործակալությունը: «Լաթաքիա գավառում բանակային զորամիավորումները աշխարհազորի աջակցությամբ հսկողություն են հաստատել Ռաբիա ավանում և Առ Ռոուդա բնակավայրում` ոչնչացնելով մեծ քանակությամբ ահաբեկիչների»,-հայտնել է գործակալությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական բանակն ազատագրել է Լաթաքիայի շրջանի մի քանի գյուղ, այդ թվում նաև հայաբնակ Ղնեմիե գյուղը, որի բնակիչները հեռացել են 4 տարի առաջ՝ զինյալ ահաբեկչական խմբավորումների ներխուժելու պատճառով: Սիրիայի բանակը հունվարի 12-ին իր հսկողության տակ է առել Լաթաքիայի մոտ գտնվող Սալմա գյուղական ավանը:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: