26 հունվարի 2016 - 10:29 AMT
Հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել Արցախում. Հայկական կողմը կորուստներ չունի

Հունվարի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը դիմել է սադրիչ գործողությունների:

Նշված ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել են մոտ 600 կրակոց:

Բացի վերոնշյալից, հունվարի 26-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, հակառակորդը շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը և ստիպել վերջիններիս հետ շպրտվել իրենց ելման դիրքերը:

Արձանագրված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հունվարի 17- 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 82 միլիմետրանոց ականանետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3200 կրակոց:

Հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ (2 արկ):