Եվրամիության երկրների արդարադատության և ներքին գործերի նախարարները Հաագայում արտահերթ հանդիպումից հետո դիմել են Եվրահանձնաժողովին` խնդրելով օրենսդրական միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ կտային իրենց երկրներին կասեցնել ներգաղթյալների հոսքը:
Մասնավորապես, ԵՄ անդամ երկրները պահանջել են ավելի խիստ հսկողություն հաստատել իրենց պետական սահմաններին, հայտնում է Ինտերֆաքսը:
Ըստ գործող կանոնների, Շենգենի գոտու անդամ հանդիսացող երկիրն իրավունք ունի փակելու իր սահմանները մինչև 6 ամիս ժամկետով, սակայն Հաագայում նախարարները խոսել են այդ ժամկետը մինչև 2 տարի երկարացնելու մասին: Եվրահանձնաժողովը կքննարկի հարցը:
Հանդիպմանը քննարկվել են նաև ԵՄ արտաքին սահմանների պաշտպանությանն ուղղված միջոցները` մասնակիցներից ոմանք հայտարարել են, որ Եվրամիության որոշ երկրների տնտեսությունները չեն դիմանում ներգաղթյալների ներհոսքին և արտաքին օգնության կարիք ունի:
2015-ին Եվրոպա է ներգաղթել մոտ 1 մլն մարդ: Հիմնականում նրանք փախստականներ են: Ներգաղթյալները Եվրոպա են գալիս հազարներով` փախչելով պատերազմներից և հակամարտություններից Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներում:
Շենգենի գոտու մասնակից է 26 պետություն: