26 հունվարի 2016 - 15:20 AMT
Ուոլթերի հակահայկական բանաձևը ԵԽԽՎ-ում տապալվել է, Մարկովիչի բանաձևն`ընդունվել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը` ԵԽԽՎ-ն մերժել է Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» բնաձևը: Բանաձևին դեմ է քվեարկել 70 պատգամավոր, կողմ` 66-ը:

Բանաձևը քննարկվել է հակահայկական մեկ այլ` Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի ներկայացրած «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» բանաձևի հետ միաժամանակ: Մարկովիչի ներկայացրած բանաձևին դեմ է քվեարկել 71 պատգամավոր, կողմ` 98:

Ելույթների ճնշող մեծամասնությունում զեկույցները քննադատության են ենթարկվել: Մասնվորապես, «Միավորված ձախեր» խմբակցությունը ներկայացնող զեկուցողը, դեմ հանդես գալով բանաձևի ընդունմանը, հայտարարել է, որ խմբակցությունը չի սատարում հակամարտության կողմերից ոչ մեկին, սակայն երկու բանաձևերն էլ խիստ կանխակալ են և չեն նպաստի իրավիճակի բարելավմանը հակամարտության գոտում: Ֆրանսիան ներկայացնող Ռուդի Սալն իր հերթին նշել է, որ Մարկովիչը պատրաստել է զեկույցը, չայցելելով Հայաստան և ԼՂՀ, չնայած հրավերներին, իսկ Ռենե Ռուքեն ընդգծել է, որ Ուոլթերի զեկույցն, իր հերթին, ամբողջությամբ կրկնում է Բաքվի քարոզչական թեզերը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ հայտարարություն են տարածել: «ԵԱՀԿ Մինսկի խումբը հիմնախնդրի լուծման ու բանակցությունների միակ ձևաչափն է: Մենք գնահատում ենք ԵԽԽՎ անդամների ցուցաբերած հետաքրքրությունը, բայց հորդորում ենք չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը»,- նշվում է համանախագահների հայտարարության մեջ:

Ստեփանակերտը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստ են ընդունել ԵԽԽՎ Սարսանգի ջրամբարի հարցով զեկուցող Միլիցա Մարկովիչին:

2013-ին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարել էր, որ Սարսանգի ջրամբարի և Թարթառ գետից տարբեր ուղղություններով հոսող ջրերի օգտագործումը կարող են գործակցության հիմք հանդիսանալ ԼՂՀ և Ադրբեջանի համար:

«Սարսանգի ջրամբարի հնարավորությունները ավելի մեծ են, քան մենք օգտագործում ենք, և խորհրդային տարիներին կառուցված ջրանցքները ճիշտ օգտագործելու դեպքում դրանից կօգտվեն և՛ հայկական կողմը, և՛ ադրբեջանական կողմը: Եթե Ադրբեջանը չարձագանքի համագործակցության կոչին, Արցախի կառավարությունը ստիպված է լինելու խոշոր ներդրումներ անել` հզոր պոմպակայանների միջոցով Արցախի սահմանամերձ գոտիներում գտնվող ջրային ռեսուրսները միայն սեփական տարածքներ մղելու համար», - ասել էր նա: