Տարեսկզբին Ադրբեջանում նախորդ տարվա մեկնարկի համեմատ արդեն ավելի քան 25 000 աշխատատեղ է փակվել շինարարության ոլորտում, կրճատումներ կան նաև տնտեսության մյուս ոլորտներում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի աշխատանքի և սոցապահովության նախարար Սալիմ Մուսլիմովը, հայտնում է ԱՊԱ գործալությունը:
Ադրբեջանում ևս 2 բանկ է փակվել` Կենտրոնական բանկը չեղարկել է Yunayted Kredit Bank և NBCBank-ի լիցենզիաները, հայտնում է haqqin.az-ը:
Moody's միջազգային վարկանիշային գործակալությունն արդեն վերանայել է ադրբեջանական 6 առաջատար բանկերի վարկանիշները` դեպի բացասական: Ըստ գործակալության հրապարակած հաղորդագրության` վերանայվել են VTB (Ադրբեջան), Bank of Baku, UniBank, XALQ BANK, Bank Respublika, Kapital Bank բանկերի վարկանիշները:
2015թ-ին ընդհանուր առմամբ Ադրբեջանի միջազգային պահուստները կրճատվել են 63%-ով՝ 13.7 մլրդ դոլարից հասնելով 5 մլրդի: Պահուստները շեշտակի անկումը պայմանավորված է մանաթի փոխարժեքը կայուն պահելուն միտված ԿԲ-ի քաղաքականությամբ:
Հայտարարվել է նաև, որ կարող է վերանայվել Ադրբեջանի պետական բյուջեն:
Ինչպես հայտնի է, մանաթի արժեզրկումից հետո Ադրբեջանում կտրուկ գնաճ է արձանագրվել ինչպես տեղական արտադրության, այնպես էլ ներմուծվող ապրանքների համար: Տարադրամի փոխանակում փոխանակման կետերում չի իրականացվում, բոլոր կետերը փակվել են, շուրջ 6 հազար մարդ զրկվել է աշխատանքից: Ալիևը հանձնարարել է սեփականաշնորհման մեծ ծրագիր սկսել:
Ադրբեջանի տնտեսության մեջ ոչ նավթային հատվածն ընդամենը 2,3% է կազմում: Դա նշանակում է, որ մանաթի սրընթաց արժեզրկումից հետո տարիներ կպահանջվեն, որպեսզի Ադրբեջանը կարողանա համաշխարհային շուկա արտահանել ոչ նավթային սեկտորի ապրանքներ: Ուստի երկրում մեծ է լինելու ներմուծվող ապրանքների պահանջարկը, իսկ դա գործունեության լայն դաշտ է ստեղծում մաքսանենգների և ընդհատակյա առևտրի համար, գրում է պարբերականը:
Մինչդեռ հայտնի է դարձել, որ 2015-ի տվյալներով Ադրբեջանի կառավարությունը 350 մլն մանաթով կրճատել է սոցիալական նախագծերի ֆինանսավորումը: