27 հունվարի 2016 - 10:40 AMT
ՀՀ-ն և Իրաքը կարևորում են օդային ուղիղ կապի հաստատումը և ցամաքային ուղիների զարգացումը

Հունվարի 26-ին Բաղդադում մեկնարկել է հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը, որը համանախագահում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Զեյդանը։ Հայկական պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի, էներգետիկայի, առողջապահության, էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներ։

Հանդիպումների օրակարգում ընդգրկված են տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության հարցեր։ Նիստի ընթացքում կողմերը հատուկ ընդգծեցին վերջին տարիներին Հայաստանի և Իրաքի միջև բազմաթիվ բնագավառներում և հատկապես առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ակտիվությունը և ապրանքաշրջանառության նկատելի աճը։ Աշխատանքային խմբերը քննարկեցին համագործակցության խորացման և նոր ուղիների որոնման հարցեր։

Այցի շրջանակներում նախարար Երիցյանը հանդիպում ունեցավ Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի հետ և նրան փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները Իրաքի եղբայրական ժողովրդին։ Նախարարը նշեց, որ Հայաստանի և Իրաքի ժողովուրդներն ունեն բազմաթիվ պատմական ընդհանրություններ, դարեր շարունակ կողք կողքի են ապրել միևնույն միջավայրում, և ՀՀ իշխանությունները հանձնառու են ամենայն կերպ ամրապնդել բարեկամությունը և նպաստել երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանը։

Ընդգծվեց երկու երկրների միջև օդային ուղիղ կապ ունենալու և դրան զուգահեռ նաև ցամաքային հաղորդակցության ուղիների զարգացնելու կարևորությունը, ինչպես նաև գործարար շփումներն ընդլայնելու անհրաժեշտությունը։

Նախագահ Մասումը, իր հերթին, ողջույններ ու բարեմաղթանքներ փոխանցեց ՀՀ նախագահին և հայ ժողովրդին։ Նրա կողմից հատուկ ընդգծվեց հայության ներկայությունը Իրաքում և նրանց մասնակցությունն ու ունեցած նպաստը երկրի զարգացման գործում։ Նախագահը նշեց, որ հայության ներկայությունը Իրաքում ունի հարյուրամյակների պատմություն, երկրի բազմաթիվ բնակավայրերում կարելի է գտնել հայկական հետք, իսկ համայնքին հուզող արդի հարցերը մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարը հատուկ շնորհակալություն հայտնեց իրաքյան իշխանությունների կողմից հայ համայնքին ցուցաբերած աջակցության համար։

Հանձնաժողովի աշխատանքները կշարունակվեն նաև հունվարի 27-ին: