27 հունվարի 2016 - 11:33 AMT
ԼՂՀ փոխվարչապետ. Բաքուն պետք է գործակցի Արցախի հետ՝ Սարսանգի համատեղ օգտագործան համար

«Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» ԵԽԽՎ կեղծ բանաձևն իրականության հետ ոչ մի աղերս չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը։

Նա նկատել է, որ Սարսանգի ջրամբարի ջուրը իր հունով հոսում է մինչև Կուր գետը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը` ԵԽԽՎ-ն հունվարի 26-ին ընդունել է հակահայկական «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի բանաձևը: Դեմ է քվեարկել 71 պատգամավոր, կողմ` 98:

Միաժամանակ, ԵԽԽՎ-ն մերժել է Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» բնաձևը: Բանաձևին դեմ է քվեարկել 70 պատգամավոր, կողմ` 66-ը:

«Ադրբեջանի իշխանությունները իրենց ժողովրդից ոչ թե պետք է թաքնվեն ԵԽԽՎ-ի բանաձևերով, այլ կամ պետք է պոմպակայաններով ջուրը մղեն ու հասցնեն իրենց ժողովրդին, կամ պետք է գործակցեն Արցախի իշխանությունների հետ՝ Սարսանագի ջրամբարի ջրի համատեղ օգտագործան հարցով, որից կօգտվի և Արցախի ժողովուրդը և Արցախին սահմանամերձ ադրբեջանական բնակավայրերի բնակիչները», -գրել է փոխվարչապետը:

Նրա խոսքով՝ բանաձևը իրականությանը համապատասխանեցնելու համար պետք է աջակցել Արցախի իշխանություններին, որպեսզի կառուցվի դեռևս 2002-ին նախագծված ջրագիծը, որով Սարսանգի ջրամբարի ջուրը կհասցվի Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու շրջանի հողօգտագործողներին: Նախագծի արժեքն է 15 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանն, անդրադառնալով ԵԽԽՎ-ում ընդունված Սարսանգի ջրամբարի մասին զեկույցին ու Վեհաժողովի կողմից մերժված՝ Ռոբերտ Ուոլթերի հեղինակած զեկույցին, ասել է, որ ԵԽԽՎ վրա մեծ ազդեցություն ունեցան Եվրախորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները, ինչու չէ՝ Արցախի ԱԺ խմբակցությունների մակարդակով արված համատեղ հայտարարությունը, որտեղ կոչ էր արվում՝ կողմնակալ մոտեցումներից զերծ մնալու մասին:

«Ուլթերի զեկույցն ինքնին անտրամաբանական էր ու շատ զարմանալի կլիներ, որ հաստատվեր ԵԽԽՎ նման կառույցի կողմից»,- նշել է Իշխանյանը, գրում է Tert.am-ը:

Իսկ Մելիցա Մարկովիչի հեղինակած ու ընդունված զեկույցը, արցախցի պատգամավորի համոզմամբ, կողմնակալ էր, կողմնակալ էին նաև այդ քվեարկության արդյունքները: «Պարտվելու խնդիր չկա, պարզապես ԵԽԽՎ-ն մեկ անգամ ևս ցույց տվեց, որ ունի կողմնակալ վերաբերմունք Ղարաբաղի հարցում»,- նկատել է նա:

Իշխանյանն ընդգշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ միջազգային ատյանները, մասնավորապես՝ ԵԽԽՎ-ն, կանգնում են կողմերից մեկի կողքին, որովհետև հարցը պատշաճ չեն ուսումնասիրում, չեն տիրապետում խնդրի ամբողջ էությանը, չունեն բավարար հետաքրքրվածություն քննարկվող հարցի նկատմամբ, անտարբեր են:

2015-ին ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատգամավորները հադես են եկել նախաձեռնությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ։ Ադրբեջանցի պատգամավորներն իրենց առաջարկած տեքստում նշում են, թե Ադրբեջանի սահմանամերձ գոտիներում ապրող բնակիչները միտումնավոր զրկված են ջրից։ Առաջարկության մեջ ասվում է, որ երկար տարիներ՝ հատկապես գարնանն ու ամռանը, Ադրբեջանի սահմանամերձ գոտիների ոռոգումը կատարվել է Թարթառ գետի վրա կառուցված Սարսանգի ջրամբարից, ինչը ներկայումս ամառվա ամիսներին դադարեցվում է։ Այս նախաձեռնությամբ առաջարկվում է ԵԽԽՎ-ին հետաքննություն անցկացնել և ընդունել համապատասխան բանաձև։

2013-ին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարել էր, որ Սարսանգի ջրամբարի և Թարթառ գետից տարբեր ուղղություններով հոսող ջրերի օգտագործումը կարող են գործակցության հիմք հանդիսանալ ԼՂՀ և Ադրբեջանի համար:

«Սարսանգի ջրամբարի հնարավորությունները ավելի մեծ են, քան մենք օգտագործում ենք, և խորհրդային տարիներին կառուցված ջրանցքները ճիշտ օգտագործելու դեպքում դրանից կօգտվեն և՛ հայկական կողմը, և՛ ադրբեջանական կողմը: Եթե Ադրբեջանը չարձագանքի համագործակցության կոչին, Արցախի կառավարությունը ստիպված է լինելու խոշոր ներդրումներ անել` հզոր պոմպակայանների միջոցով Արցախի սահմանամերձ գոտիներում գտնվող ջրային ռեսուրսները միայն սեփական տարածքներ մղելու համար», - ասել էր նա:Սակայն, Ադրբեջանը շարունակաբար անտեսում է գործակցության կոչերը և Սարսանգի ջրամբարի անվտանգության հարցը դարձնում է քարոզչական գործիք միջազգային կազմակերպություններում՝ հայտարարելով, որ Ադրբեջանի սահմանամերձ գոտիներում ապրող բնակիչները միտումնավոր զրկված են ջրից։

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Սարսանգի ջրամբարի շրջակայքում մարտեր են տեղի ունեցել, որոնց ժամանակ կասեցվել է ադրբեջանական բանակի 1992-ի ամառային հարձակումը և ԼՂՀ Զինված ուժերի կողմից վերականգնվել է ջրամբարի նկատմամբ վերահսկողությունը։

Կարդացեք նաև՝ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակություն. Հումանիտար-տեխնիկական զեկույցին քաղաքական բովանդակություն է տրվել

Ուոլթերի հակահայկական բանաձևը ԵԽԽՎ-ում տապալվել է, Մարկովիչի բանաձևն`ընդունվել