27 հունվարի 2016 - 12:42 AMT
ՀՀ-ն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում պաշտպանում է Ինֆանտինոյի թեկնածությունը

Հունվարի 22-ին Շվեյցարիայում կայացած հանդիպման ընթացքում, որին մասնակցել են ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների ֆուտբոլային գերատեսչությունների նախագահներ և գործադիր տնօրեններ, ի թիվս այլ հարցերի լսվել և քննարկվել է ՖԻՖԱ-ի նախագահի կայանալիք ընտրություններում թեկնածու առաջադրված ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջիանի Ինֆանտինոյի ընտրական ծրագիրը («Մանիֆեստը»):

Լսելով և քննարկելով ծրագիրը, հանդիպման ընթացքում ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների ֆուտբոլային գերատեսչությունները որոշել են իրենց դիրքորոշումները հրապարակել ներքին կանոնակարգային սկզբունքներին համապատասխան, տեղեկացնում է ՀՀ ֆուտբոլային ֆեդերացիան:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջիանի Ինֆանտինոյի ընտրական ծրագիրը («Մանիֆեստը») ներկայացրել է ՀՖՖ գործադիր կոմիտեին: Ընտրական ծրագիրը, որում ամփոփված են ՖԻՖԱ-ի նախագահի թեկնածու Ջիանի Ինֆանտինոյի գործողությունների ծրագրային դրույթները ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, ֆուտբոլային բազմատեսակ շահերից բխող նոր քայլ է համաշխարհային ֆուտբոլում, նաև Եվրոպական ֆուտբոլի զարգացման ճանապարհին:

«Մանիֆեստը» նոր մտածողությամբ և աշխարհընկալման նոր մոտեցումներ ընդգրկող ճանապարհային յուրօրինակ քարտեզ է, որն ուրվագծում է համաշխարհային ֆուտբոլի բոլոր հնարավոր տեսլականները, ներառում է սկզբունքային դրույթներ ֆուտբոլային սպասվող մարտահրավերներին դիմակայելու տեսակետից:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, գնահատելով ներկայացված ծրագրի կարևորությունը ֆուտբոլի զարգացման տեսանկյունից, իր պաշտպանությունն է հայտնում Ջիանի Ինֆանտինոյի թեկնածությանը ՖԻՖԱ-ի նախագահի կայանալիք ընտրություններում և կսատարի վերջինիս՝ ընտրվելու պարագայում իր ծրագրային դրույթներն իրականացնելու գործում:

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Յոզեֆ Բլատերը և Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) ղեկավար Միշել Պլատինին 8 տարով հեռացվեցին ֆուտբոլային գործունեությունից: Պլատինին նաև տուգանվել է 80 հազար շվեյցարական ֆրանկով: Հոկտեմբերի սկզբին ՖԻՖԱ-ի էթիկայի կոմիտեն հետաքննության շրջանակում որոշել էր հեռացնել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին և Պլատինիին զբաղեցրած պաշտոններից և ցանկացած ֆուտբոլային գործունեությունից 90 օրով` որակազրկումը երկարացնելու հնարավորությամբ, բայց ոչ ավելի, քան 45 օրով: Բլատերին կասկածում էին 2011-ին ապօրինաբար 2 մլն շվեյցարական ֆրանկ Պլատինիին փոխանցելու մեջ` իբր 1999-2002-ին կատարած աշխատանքի դիմաց:

Կարդացեք նաև՝ ՖԻՖԱ-ն ազատել է աշխատանքից գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին