Հայաստանը մտադիր է փոխել Վրաստանի տարածքով անցնող գազամուղի երթուղին, որով ռուսական գազն առաքվում է Հայաստան: Այդ մասին լրագրողներին է հայտնել «Գազպրոմ Արմենիայի» փոխտնօրեն, գլխավոր ինժեներ Հրանտ Թադևոսյանը:
Ինչպես նշել է Թադևոսյանը, Վրաստանի տարածքով անցնող գազատարի 17 կմ հատվածը և ՀՀ տարածքով անցնող 3-կիլոմետրանոց հատվածը գտնվում են անկայուն գոտում, Ադրբեջանի սահմանին շատ մոտ:
Նա հիշեցրել է, որ գազատարը բազմիցս է վնասվել, այդ թվում քարաթափումների պատճառով, որի հետևանքով գազի մատակարարումը Հայաստան խափանվել է և հարկ է եղել անցնել պահուստային գազամատակարարման:
«Ուստի որոշվել է փոխել գազամուղի երթուղին` բարձրացնելու համար առաքումների անվտանգության մակարդակը: Այժմ քննարկումներ են ընթանում, կա խնդրի լուծման մի քանի տարբերակ, իսկ քանի որ աշխատանքների հիմնական մասը Վրաստանի տարածքում պետք է իրականացվի, ապա հարցը քննարկում են երկու երկրների կառավարություններն ու ԱԳ և էներգետիկայի նախարարությունները»,-ասել է Թադևոսյանը:
Ըստ նրա, ընկերությունը հուսով է, որ առաջիկայում պայմանավորվածություն ձեռք կբերվի Վրաստանի էներգետիկայի նախարարության հետ:
Ընդ որում, «Գազպրոմ Արմենիան» արդեն նախագծային նախահաշվարկ է կազմել, որն ընդգրկվել է 2016-2018թթ. ներդրումային ծրագրի մեջ:
«Վրացական կողմի դիրքորոշումից կախված կլինի նաև 3 կմ երկարությամբ հատվածի կառուցումը ՀՀ տարածքում, իսկ առայժմ մենք նախատեսել ենք ֆինանսական ծախսեր, հասկանալու համար թե ինչ գումար կպահանջվի, և նախնական քայլեր ենք ձեռնարկել»,-ասել է Թադևոսյանը, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը: