27 դեկտեմբերի 2006 - 18:14 AMT
Ս.Սարգսյան. Ես ուրախ կլինեմ, եթե Ռուսաստանն որոշի արդիականացնել ՀՀ-ում իր ռազմակայանի սպառազինությունը
Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ողջունում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի սպառազինության արդիականացումը: Ինչպես հայտարարել է ՀՀ ՊՆ ղեկավարը Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, նա ուրախ կլինի, եթե Ռուսաստանն որոշի արդիականացնել ՀՀ-ում իր ռազմակայանի սպառազինությունը եւ լրացնել այն ամենաժամանակակից զենքով: «Ես կրկնակի անգամ ուրախ կլինեմ, եթե Ռուսաստանը որոշի Հայաստանի զինված ուժերին տրամադրել այդ գերժամանակակից զենքը, մասնակիորեն կամ ամբողջությամբ»,-հավելել է նա: Նրա խոսքերով, այդ հարցը վերաբերում է միայն Հայաստանին եւ Ռուսաստանին, եւ մենք պարտավոր չենք որեւէ մեկից թույլտվություն խնդրել»: Առավել եւս, որ Հայաստանը չէ, որ պարծենում է իր ռազմական բյուջեով, եւ Երեւանը չի եղել սպառազինությունների մրցավազքի նախաձեռնողը: Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը գնել է ՄԻԳ-29 ուկրաինական ինքնաթիռներ եւ այլ սպառազինություն: Նրա խոսքերով, «նրանք պետք է զբաղվեն իրենց գործով, իսկ մենք` մեր գործով, եւ միմյանցից բողոքելը ճիշտ չէ: