29 հունվարի 2016 - 11:53 AMT
ԵԽ. ՀՀ տնտեսությունը, բանկային համակարգը, անշարժ գույքի շուկան՝ փողերի լվացման ամենախոցելի ոլորտներ

Եվրոպայի խորհուրդը Հայաստանի իշխանություններին հորդորում է արդյունավետ դարձնել փողերի լվացման դեմ իրավապահների պայքարը։ Ըստ Եխ փորձագետների, Հայաստանի տնտեսությունը, բանկային համակարգը և անշարժ գույքի շուկան ամենախոցելի ոլորտներն են փողերի լվացման համար։

Եվրոպայի խորհրդի փորձագետները գտնում են, որ Հայաստանում փողերի լվացման հետաքննությունները շատ անբավարար մակարդակի վրա են գտնվում, և Հայաստանի իշխանություններին հորդորում են՝ անհապաղ միջոցներ կիրառել ապահովելու համար, որ իրավապահների ջանքերը լիովին համապատասխանեն փողերի լվացման ռիսկերին, որ ծառացած են երկրի առաջ։

«Խաբեությունը, հարկերից խուսափելը, մաքսանենգությունը և յուրացումները փողերի լվացման ամենաբարձր ռիսկերն են։ Հայաստանի տնտեսությունը, բանկային համակարգը և անշարժ գույքի շուկան ամենախոցելի ոլորտներն են փողերի լվացման համար։ Ֆինանսական ուսումնասիրությունները շատ արդյունավետ են, սակայն իրավապահները հաճախ արդյունավետ չեն օգտագործում դրանք՝ փողերի լվացումից հանցավոր եկամուտները ապացուցելու, հետևելու, ձերբակալելու և բռնագրավելու համար», - նշված է Եվրոպայի խորհրդի հաղորդագրությունում։

Ընդգծվում է, որ կանխարգելիչ միջոցների առումով, Հայաստանը բավականին առաջընթաց է արձանագրել։ «Իրավական ամուր բազա ստեղծելու, ինչպես նաև ֆինանսական համակարգը արդյունավետ դարձնելու գործում ահաբեկչության ֆինանսավորումը հայտնաբերելու և կանխարգելելու համար մեխանիզմները բավականին արդյունավետ են», - նշում է Եվրոպայի խորհուրդը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Այս գնահատականները տեղ են գտել Հայաստանի վերաբերյալ վերջին զեկույցի հիմնական եզրահանգումների շարքում։ Եվրոպայի խորհրդի փորձագիտական հանձնաժողովը գնահատում է փողերի լվացման դեմ և ահաբեկչության ֆինանսավորման դեմ կիրառվող միջոցները, դրանց դեմ տարվող պայքարը։

Զեկույցը վերլուծել է իրավիճակը 2009-ից, վերջին գնահատման զեկույցից մինչև հիմա, Հայաստանի հանձնառությունների իրականացումը միջազգային չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ, ինչպես նաև գործողությունների պլան է առաջարկում՝ թերությունները վերացնելու համար։

Նախատեսվում է, որ 2018-ին ապրիլին Հայաստանը ներկայացնելու է իր զեկույցը Եվրոպայի խորհրդի փորձագիտական հանձնաժողովին, իսկ մինչ այդ, այս տարվա՝ 2016-ի դեկտեմբերին Հայաստանը միջանկյալ զեկույց է ներկայացնելու գործողությունների պլանի իր մոտեցումների մասին։