Ռուսաստանում կինոյի ասպարեզում անցկացվող «Ոսկե արծիվ» մրցանակաբաշխությանը 2015 թ. լավագույն ֆիլմ է ճանաչվել Աննա Մելիքյանի «Սիրո մասին» կինոնկարը` կանխատեսումներին հակառակ առաջ անցնելով լուրջ և հայրենասիրական ֆիլմերից, գրում է ՏԱՍՍ-ը:
Հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել հունվարի 29-ի երեկոյան «Մոսֆիլմում»: Մրցանակները հանձնել է Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության ղեկավար Նիկիտա Միխալկովը: Բացելով ծրարը նա միայն մեկ բառ կարողացավ արտասանել` «Ապշեցուցիչ է»:
Աննա Մելիքյանը ևս չէր թաքցնում զարմանքը: «Ես ցնցված եմ այս որոշումից և ամենևին պատրաստ չէի»: Նա նշել է, որ անվանակարգում ներկայացված ֆիլմերի ցանկում շատ էին հիանալի, լուրջ, հայրենասիրական ֆիլմերը, և հույս չոներ, որ կհաղթի իր «փոքր ուրախ կինոնկարը»: «Սա շատ գեղեցիկ քայլ է, շատ ճիշտ մեր բարդ ժամանակներում` մրցանակը շնորհել սիրո մասին ֆիլմին: Եկեք սիրենք միմյանց և կենսուրախ լինենք»,-ասել է ռեժիսորը:
Անվանակարգերի քանակով առաջատարը Դմիտրի Մեսխիևի «Գումարտակն» էր, որը պատմում է Առաջին աշխարհամարտի տարիներին գործող կանանց մահվան գումարտակի մասին: Արդյունքում ֆիլմը մրցանակի արժանացավ «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար», «Ֆիլմի լավագույն երաժշտության» համար անվանակարգերում:
Գլխավոր անվանակարգում մրցանակի էր հավակնում նաև Ստանիսլավ Գովորուխինի «Հիանալի դարաշրջանի ավարտը» ֆիլմը` Սերգեյ Դովլատովի պատմվածքների մոտիվներով, որն արժանացավ մրցանակի ռեժիսորի լավագույն աշխատանքի համար: «Ես և սպասում էի այս մրցանակին, և չէի սպասում: Ինձ ֆիլմը դուր է գալիս, ինձ թվում է, սա իմ լավագույն աշխատանքն է»,-ասել է Գովորուխինը:
«Համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի» համար պատվավոր մրցանակին արժանացավ Նիկիտա Միխալկովը:
Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմն արժանացել է նաև Ռուսաստանի «Կինոտավր-2015» 26-րդ բաց փառատոնի գլխավոր մրցանակին: Ֆիլմը ստացել է նաև կինոքննադատների ժյուրիի մրցանակը:
«Սիրո մասին» ֆիլմը սիրո թեմայով միավորված նովելների հավաքածու է: Ֆիլմում նկարահանվել են Ռենատա Լիտվինովան, Եվգենի Ցիգանովը, Վլադիմիր Մաշկովը, Յուլիա Սնիգիրը, Ռավշանա Կուրկովան, Մարիա Շալաևան, Ալեքսանդր Բորտիվը և այլոք: