30 հունվարի 2016 - 13:52 AMT
Շաբաթն առաջնագծում. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 3500 կրակոց

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 24-30-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 3500 կրակոց:

Բացի վերոնշյալից, հունվարի 26-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և ստիպել վերջիններիս հետ շպրտվել իրենց ելման դիրքերը:

Արձանագրված փոխհրաձգության ընթացքում պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հունվարի 17- 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և 82 միլիմետրանոց ականանետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3200 կրակոց: