9 հունվարի 2007 - 15:39 AMT
2006 թվականը նշանավորվեց Հայաստանի եւ Վրաստանի արդյունավետ համագործակցությամբ մի շարք ոլորտներում
Հայ-վրացական հարաբերություններում 2006թ. նշանավորվեց արդյունավետ համագործակցությամբ հատկապես տնտեսության` էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, արդյունաբերության եւ զբոսաշրջիկության ոլորտներում: Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ 2006 թվականի տարեկան հաշվետվության մեջ: «ՀՀ եւ Վրաստանի միջեւ կայացել են բազմաթիվ բարձրաստիճան այցեր եւ հանդիպումներ: Մասնավորապես անցկացվել է հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը (Բաթում, 2006թ. հուլիս): Էներգետիկայի ոլորտում շարունակվում են աշխատանքները նոր 400 կվ հզորությամբ բարձրավոլտ հաղորդակցման գծի կառուցման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա երկու երկրների էլեկտրահամակարգերին հետագայում անցնել զուգահեռ աշխատանքային ռեժիմի: Տրանսպորտային համագործակցության ուղղությամբ կարեւորվում են հայաստանյան բեռնափոխադրումների համար սահմանված զեղչերի մասին պայմանավորվածությունները 2007 թ. համար: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովների գործընթացի արդյունքում համաձայնեցվել է պետական ընդհանուր սահմանի 110 կմ հատվածը: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,-ասվում է փաստաթղթում:

Ինչպես նշվում է զեկույցում, երկու երկրների ԱԳ նախարարությունների միջեւ շարունակվել է երկխոսությունը երկկողմ համագործակցության քաղաքական օրակարգի շուրջ: Հունվարին եւ հունիսին տեղի ունեցած ԱԳ նախարարների փոխայցերի ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպություններում համագործակցության, տարածաշրջանում առկա հակամարտությունների նկատմամբ դիրքորոշումների համադրման, Եվրոպական ինտեգրման ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորությունները եւ նախանշվել են առաջիկա քայլերը: Տարվա ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ուշադրության կենտրոնում է եղել Կարս-Ախալքալակ-Թբիլիսի երկաթուղու շինարարության իրականացման համար կատարվող աշխատանքները, Ջավախքի բնակչության եւ Վրաստանում գտնվող Հայաստանի քաղաքացիների վիճակը: