9 հունվարի 2007 - 17:58 AMT
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հակազդումը դարձել է Թուրքիայի քաղաքականության առաջնայնությունը
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ակտիվացումը լուրջ անհանգստություն է առաջացրել Թուրքիայի կառավարող եւ քաղաքական շրջանակներում` վերջիններիս ստիպելով ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում ցեղասպանության ճանաչման դեմ ինտենսիվ հակաքարոզչական աշխատանք ու գործողություններ իրականացնել: Ինչպես նշվում է Հայաստանի արտաքին քաղաքական գործնեության 2006 թ. տարեկան հաշվետվության մեջ, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին հակազդումը Թուրքիայում ընդգրկվել է պետական քաղաքականության առաջնայնությունների շարքում: Թուրքիայի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Աբդուլահ Գյուլը խոստովանել է, որ Թուրքիայի համար մոտակա 10 տարվա ընթացքում ամենալուրջ խնդիրներից մեկը շարունակելու է մնալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դրա հետեւանքով երրորդ երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների վատթարացման հարցը: Այս կապակացությամբ Անկարան ձեռնամուխ է եղել հակաքայլերի պետական ծրագրի մշակմանը, որը, ըստ թուրքական կողմի, չի բացառում նաեւ միջազգային դատական ատյաններ դիմելու հնարավորությունը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ ուղղված Թուրքիայի ջանքերին միացել է նաեւ Ադրբեջանը. Թուրքիայում եւ տարբեր երկրներում տեղի են ունեցել թուրք-ադրբեջանական համատեղ քննարկումներ, երկու երկրների պետական ու հասարակական կառույցները իրականացրել են համակարգված միջոցառումներ եւ գործողություններ: Ի հակակշիռ հայոց ցեղասպանության, Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը առաջ է քաշում այսպես կոչված «XX դարի սկզբի եւ 90-ական թթ. ադրբեջանցիների ցեղասպանության» խնդիրը, հիմնական շեշտը դնելով 1992թ. Խոջալուի դեպքերի վրա:
Հայաստանը բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայ քայլերի ու քարոզչության չեզոքացման ուղղությամբ: