89 կողմ, 16 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն փետրվարի 3-ին ընդունել է «ՄԻՊ ընտրության կարգի» մասին ԱԺ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով օբուդսմենի թեկնածու է առաջադրելու Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը:
Հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում ստացվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի երկրորդ հրաժարականը: Իր հրաժարականի մասին օմբուդսմենը հայտարարել է հունվարի 12-ին: Ըստ օրենքի, օմբուդսմենի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը:
Մինչ քվեարկությունը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանից խնդրել է ներկայացնել նախագծի վերջնական տեսքը, քանի որ փետրվարի 1-ին հնչել են գրավոր ու բանավոր մի շարք առաջարկություններ: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ հայտարարել է, որ հանձնաժողովում իրենք դեմ են քվեարկել, իսկ հիմա ձեռնապահ են լինելու, գրում է «Ա1+»:
Սահակյանը հայտնել է, որ նախագիծը մնում է անփոփոխ, ինքը ստացել է երեք սկզբունքային առաջարկություն, մեկ գրավոր առաջարկություն, սակայն դրանք չեն ներառվել նախագծում:
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ նշել է՝ եթե այս նախագիծը փոփոխության չի ենթարկվելու, մենք ժողովրդավար սկզբունքների ներքո չենք գործելու. «Չի լինելու այլընտրանք, վերանում է մրցակցությունը»: ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը եւս դեմ էր մեկ թեկնածուի առաջադրմանը, նրա կարծիքով եւս պետք է թեկնածուները լինեն մի քանիսը:
Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պարզաբանել է. «Հայաստանյան խորհրդարանում ունենք քաղաքական մեծամասնություն, որը քվեարկելու է իր թեկնածուի օգտին, ու ոչինչ չի փոխվելու: Բոլոր մյուս քաղաքական ուժերը պետք է մոբիլիզացնեն իրենց ուժերը հանձնաժողովում, լրացուցիչ անդամներ ներկայացնեն եւ փորձեն ապահովել կոնսոլիդացիա»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ հայտարարել է, որ եղած առաջարկությունների մեծ մասը հակասում է Սահմանադրությանը:
Կարեն Անդրեասյանը անցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունների կատարմանը 2011-ի մարտի 3-ից:
Կարդացեք նաև՝ ՀՀ օմբուդսմենը ԱԺ է ներկայացրել 2-րդ հրաժարականը և խոսել պատճառների մասին