9 հունվարի 2007 - 19:23 AMT
ԵՄ բանակցությունները Թուրքիայի հետ պետք է շարունակվեն, գտնում է Եվրահանձնաժողովի ղեկավարը
Եվրոպական Միությունը ցանկանում է շարունակել բանակցությունները Թուրքիայի հետ: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, նշելով, որ ԵՄ-ն տեսնում է Թուրքիային որպես լիիրավ անդամ, հաղորդում է CNN-Turk հեռուստաընկերությունը: «Ես բազմիցս ասել եմ, որ բանակցությունները ԵՄ-ի հետ բարդ եւ շարունակական գործընթաց է, սակայն մենք դրա կողմնակիցներն ենք: Սակայն Եվրամիության առջեւ ստանձնած իր պարտավորությունները պետք է կատարեն թեկնածու բոլոր երկրները»,-ընդգծել է Բարոզոն:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերից Անկարայի հետ ընթացող բանակցությունները դադարեցվել են 35 կետերից 8-ի մասով եւ կապված են Կիպրոսի վերաբերյալ Թուրքիայի ստանձնած պարտավորություների կատարաման հետ` Մաքսային միության մասին լրացուցիչ արձանագրության շրջանակներում: Թուրքական իշխանությունները գտնում են նաեւ, որ Կիպրոսի հարցը, որը խոչընդոտ է դարձել Անկարայի եւ Եվրամիության հարաբերություններում, պետք է որոշվի ՄԱԿ-ում, այլ ոչ թե ԵՄ-ում: «Կիպրոսի հարցի համապարփակ լուծումը կարելի է ապահովել միայն ՄԱԿ-ում»,-այդ կապակցությամբ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլլահ Գյուլը: Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով, Հյուսիսային Կիպրոսի հանդեպ մեկուսացման հնարավոր վերանայման հարցը կքննարկվի ԵՄ-ում հունվարին: Ակնկալվում է, որ այն կարծարծվի Գերմանիայի նախաձեռնությամբ, որին տարվա սկզբից անցել է Եվրամիության նախագահությունը: