Անպատասխանտու է ֆինանսավորել ԻՊ հետ կապեր ունեցող Թուրքիային: Այսպիսի հայտարարություն է արել Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, «Ազգերի և ազատությունների Եվրոպա» խմբակցության անդամ Սոֆի Մոնտենը:
«Թուրքիայի ֆինանսավորումը, որը մութ խաղեր է վարում «Իսլամական պետության» հետ, անպատասխանատվություն է»,-ասել է նա` ելույթ ունենալով Եվրամիությունում միգրացիոն ճգնաժամին նվիրված քննարկումների շրջանակում, որը տեղի է ունեցել Ստրասբուգում` Եվրախորհրդարանի ընդլայնված նստաշրջանում:
Բուլղարացի պատգամավոր, «եվրոպացի պահպանողականներ և ինֆորմատորներ» խմբակցության անդամ Նիկոլայ Բարեկովը մեղադրել է ԵՄ-ին «Էրդողանի ռեժիմին չափից շատ զիջումներ անելու մեջ` անտեսելով, որ այդ երկիրը նավթ է գնում ԻՊ-ից», հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԳԴՀ կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար Թուրքիային խոսատացված 3 մլրդ եվրոյի հատկացումն ուժի մեջ է:
Մինչդեռ Թուրքիան դիմել է ԵՄ-ին` խնդրելով գրեթե կրկնապատկել միգրացիոն ճգնաժամի համար նախատեսված ֆինանսական օգնությունը` €3 մինչև €5 մլրդ: Միջոցները նախատեսված են Թուրքիայի տարածքում փախստականներին պահելու համար:
2015-ի նոյեմբերի 29-ին գագաթնաժողովում ԵՄ երկրները նախնական հավանություն տվեցին մի ծրագրի, որի համաձայն նախատեսվում է 3 մլրդ եվրո հատկացնել Թուրքիային` «փախստականների հումանիտար կարիքները հոգալու համար»: Այդպիսի առաջարկով հանդես եկավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Մերկելը հայտարարել էր նաև, թե ԵՄ առաջնորդները պայմանավորվել են արագացնել Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իտալիան արգելափակել է €3 մլրդ հատկացումը Թուրքիային: Ինչպես հայտարարել է Իտալիայի ֆինանսների նախարար Պիեռ Կառլո Պադոան, գումարը հատկացվելու է Եվրամիության միասնական բյուջեից, իսկ կոնկրետ նպատակները, թե ինչի համար է այն ծախսվելու, հայտնի չեն: Ուստի Հռոմն արգելափակել է Անկարային գումարը հատկացնելու Եվրահանձնաժողովի որոշումը:
Մինչդեռ փախստականների հոսքը Եվրամիություն չի նվազում: