Հայաստանում այժմ 570 գրանցված հիվանդ կա սուր շնչառականով, և մոտ 300՝ թոքաբորբով: Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Ազգային ժողովի նիստում ՀՀ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ` անդրադառնալով H1N1 հիվանդացության հետ կապված իրավիճակին, հայտնում է Tert.am-ը:
«Այս ընթացքում 3300 դեպք հոսպիտալային բուժում է ստացել: H1N1 վիրուսը ինքն իրենով մահացու չէր, վտանգավոր է նրա բարդությունը՝ մասնավորապես ուղեկցվող հիվանդությունների դեպքում»,-ասաց նա և նշեց, որ 99 տոկոսից ավելի դեպքում հաջողվել է հիվանդներին հիվանդանոցից դուրս գրել առանց որևէ հետևանքի:
ՀՀ առողջապահության նախարարը նշել է, որ ամեն տարի կա սեզոնային գրիպի ակտիվացման խնդիր, և նախապես կանխարգելիչ գործողություններ արվել են, բաժանվել էր համապատասխան դեղորայք: «Հարևան երկրներում պատկերը շատ ավելի ծանր է, քան Հայաստանում»,- ասեկ է նա և նշել, որ բոլոր վերակենդանացման բաժնի բժիշկները վերապատրաստվել են, և դա էր նաև պատճառը, որ դեկտեմբերի 30-ին գրանցված դեպքը արձանագրվել է ճիշտ և ոչ թե միայն թոքաբորբ:
Նա նշել է, որ 15 հազար մարդ պատվաստվել է և կանխարգելիչ աշխատանքները շարունակվել են, արագ արձագանքման խումբ է ձևավորվել:
«Մահվան ընդհանուր 19 դեպք է գրանցվել և գրեթե բոլոր դեպքերը եղել են ուղեկցվող հիվանդություններով, կամ ուշ դիմելիության պատճառով»,- ասել է նա և նշել, որ դեղորայքի վերաբերյալ լուրերը, որոնք հրապարակվել էին, իրականության չեն համապատասխանում, քանի որ մինչ օրս դեղորայքը տրամադրվել է անվճար:
Նախարարը հավելել, որ հունվարի 1-20-ը բոլոր խմբերին տրվել են արտոնություններ, որ նրանք կարողանան պետպատվերի շրջանակներում դիմել հիվանդանոցներ:
Փետրվարի 1-ին հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում վերսկսվել են դասերը `հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը, հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարի միջնորդությունը։