4 փետրվարի 2016 - 11:52 AMT
ԼՂՀ ՊՆ. Հակառակորդը կրակել է հրաձգային զինատեսակներից, այդ թվում` գնդացիրներից

Փետրվարի 3-ի ամբողջ օրվա ընթացքում և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրել է համեմատաբար հանգիստ վիճակ: Նշված ժամանակահատվածում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները, ի տարբերություն նախորդ օրերի ձեռնարկած ականանետային հարվածների, հայկական մի շարք դիրքերի ուղղությամբ կիրառել են հրաձգային զինատեսակներ այդ թվում` գնդացիրներ և դիպուկահար հրացաններ:

ՊԲ դիրքապահ անձնակազմը հիմնականում ձեռնպահ է մնում համարժեք գործողություններից և զսպիչ քայլերի է դիմում խիստ անհրաժեշտության դեպքում, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Փետրվարի 1-ին և լույս 2-ի գիշերը շփման գծում արձանագրվել էր հակառակորդի ակտիվության նկատելի աճ:

Նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային (ԱԿ) ինքնաձիգերից, «ԴՇԿ» գնդացիրներից, «ՍՎԴ» և «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններից, հրետանային (60 և 82 մմ-ոց ականանետերից) և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից («ՀԱՆ-17») հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու նպատակով դիմել են կանխարգելիչ քայլերի: