4 փետրվարի 2016 - 13:28 AMT
Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասը հրթիռակոծվել է. Կան վիրավորներ

Մինչ սիրիական բանակը վերջին մի քանի օրերին առաջընթաց է արձանագրում, փետրվարի 3-ին երեկոյան ահաբեկչական խմբավորումներն ինքնաշեն մի քանի հրթիռներ են արձակել Հալեպի հայաշատ թաղամասերի ուղղությամբ։

Դրանցից մեկը պայթել է Հալեպի Նոր գյուղի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և Սահակյան վարժարանը միացնող հատվածում, իսկ մյուսը՝ ներկայիս հայկական ծերանոցի մոտ։ Վերջինիս պայթյունից բռնկվել են էլեկտրահաղորդման լարերը, «Բերիո լուրեր»-ին հղումով գրում է Tert.am-ը։

Տեղի ունեցած պայթյունների պատճառով վիրավորներ են եղել, գրանցվել են նաև նյութական մեծ վնասներ, վնասվել են բնակարաններ, խանութներ, մեքենաներ, պետական գույք։

Սիրիական բանակը փետրվարի 3-ին ազատագրել է Հալեպի հյուսիսիային շրջանում գտնվող Նըպպոլ և Ալ Զահրաա ավանները, որոնք ավելի քան 3 տարի շրջափակված էին ահաբեկչական խմբավորումների կողմից:Բացվել է Ազեզեն-Հալեպ ճանապարհը: Ահաբեկիչները փախուստի են դիմել դեպի թուրքական սահման:

Փետրվարի 3-ին հայտնի է դարձել, որ Սիրիայի բանակը աշխարհազորայինների աջակցությամբ մեկուսացրել է գլխավոր ուղիները Հալեպի հյուսիսում, որոնք ահաբեկիչներին կապում էին Թուրքիայի հետ:

Սիրիական բանակը հունվարի 25-ին Դարաա նահանգում զինյալներից ազատագրել է ռազմավարական նշանակություն ունեցող Շեյխ-Միսքին քաղաքը: Նույն օրը Սիրիայի կառավարական զորքերը հսկողություն են հաստատել Լաթաքիայի Ար Ռաբիա քաղաքում: Գրոհին մասնակցել են նաև ռուս սպաներ, ռուսական օդուժի աջակցությամբ: Դա Բաշար Ասադին սատարող ուժերի համար ելք է բացել մինչև Թուրքիայի սահման:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական բանակն ազատագրել է Լաթաքիայի շրջանի մի քանի գյուղ, այդ թվում նաև հայաբնակ Ղնեմիե գյուղը, որի բնակիչները հեռացել են 4 տարի առաջ՝ զինյալ ահաբեկչական խմբավորումների ներխուժելու պատճառով:

Սիրիայի բանակը հունվարի 12-ին իր հսկողության տակ է առել Լաթաքիայի մոտ գտնվող Սալմա գյուղական ավանը: