5 փետրվարի 2016 - 10:09 AMT
ՊԲ զինծառայող է զոհվել. Շփման գծում լարվածությունն աճել է

Փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է մոտ 1500 կրակոց:

Փետրվարի 5-ի գիշերը՝ ժամը 03:55-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996-ին ծնված Սիմոն Ռաֆիկի Ճավրշյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Փետրվարի 3-ի ամբողջ օրվա ընթացքում և լույս 4-ի գիշերը շփման գծում տիրել է համեմատաբար հանգիստ վիճակ: Նշված ժամանակահատվածում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները, ի տարբերություն նախորդ օրերի ձեռնարկած ականանետային հարվածների, հայկական մի շարք դիրքերի ուղղությամբ կիրառել են հրաձգային զինատեսակներ այդ թվում` գնդացիրներ և դիպուկահար հրացաններ:

Փետրվարի 1-ին և լույս 2-ի գիշերը շփման գծում արձանագրվել էր հակառակորդի ակտիվության նկատելի աճ:Նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային (ԱԿ) ինքնաձիգերից, «ԴՇԿ» գնդացիրներից, «ՍՎԴ» և «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններից, հրետանային (60 և 82 մմ-ոց ականանետերից) և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից («ՀԱՆ-17») հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: