5 փետրվարի 2016 - 14:19 AMT
Շախմատիստ Լիլիթ Գալոյանը Moscow Open-ի 6 տուրից հետո կիսում է առաջին տեղը

Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Լիլիթ Գալոյանը Ռուսաստանի մայրաքաղաքում ընթացող Մոսկվայի բաց առաջնության վեցերորդ տուրում սպիտակներով պարտության է մատնել ռուսաստանցի կանանց գրոսմայստեր Էլմիրա Միրզոևային:

Այժմ նա Անաստասիա Բոնդարուկի (Ռուսաստան) հետ միասին 5,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, գրում է Aravot.am-ը:

Լիլիթ Գալոյանը ծնվել է 1983-ին, Երևանում: Միջազգային վարպետ, Հայաստանի աղջիկների հնգակի չեմպիոնուհի, նույնքան անգամ` արծաթե մեդալակիր, Երևանի աղջիկների մինչև 18 տ. չեմպիոնուհի (1995), Երևանի կանանց չեմպիոնուհի (1998), Հայաստանի շախմատիստի կենտրոնական տան կանանց փոխչեմպիոնուհի (1998) և չեմպիոնուհի (1999, 2000), Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնությունների (2001, 2002) արծաթե և բրոնզե (2006) մեդալակիր է:

2005-ին Եվրոպայի կանանց թիմային առաջնությունում իր խաղասեղանի վրա արժանցել է արծաթե մեդալի և միաժամանակ առաջին անգամ լրացրել է գրոյսմաստերական նորմ: 2007-ին Գալոյանը Հայաստանի կանանց առաջնությունում նվաճեց երրորդ մրցանակը: