6 փետրվարի 2016 - 10:48 AMT
ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները ճնշել են հակառակորդի ակտիվությունը

Չնայած միջազգային հանրության կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող նախահարձակ գործողությունների կանխարգելմանն ուղղված մեխանիզմների ներդրման շուրջ տարբեր մակարդակներով արվող առաջարկություններին և դրանց իրականացման ուղղությամբ հայկական կողմի դրսևորած հետևողական ջանքերին, այդուհանդերձ պաշտոնական Բաքուն շարունակում է ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ առաջնագծում արհեստականորեն պահպանել լարվածությունը:

Փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժի առաջապահ ստորաբաժանումները շփման գծի տարբեր հատվածներում, բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառել են նաև 60 և 82 մմ-ոց ականանետեր (շուրջ 35 արկ) և TR-107 տիպի հրթիռահրետանային կայանքներ (4 արկ):

Պաշտպանության բանակի կողմից ձեռնարկված գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Առաջնային գծի ողջ երկայնքով հայկական ստորաբաժանումները շարունակում են լիարժեք տիրապետել օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը` ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրկին արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է մոտ 1500 կրակոց:

Փետրվարի 5-ի գիշերը՝ ժամը 03:55-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996-ին ծնված Սիմոն Ռաֆիկի Ճավրշյանը: