8 փետրվարի 2016 - 17:57 AMT
«Հրազդան ՋԷԿ»-ի էլէներգիայի փոխարեն Հայաստանն էներգիա կստանա Վրաստանից. ՌԴ-ից տարանցում չի լինելու

«Հրազդան ՋԷԿ»-ի`Փետրվարի համար նախատեսված արտադրած էլեկտրաէներգիան, որն ամենաթանկն է էներգահամակարգում, էժանով փոխարինելու նպատակով, պայմանագիր է կնքվել Վրաստանի «Միջազգային էներգետիկ կորպորացիայի» հետ՝ Հայաստան էլեկտրաէներգիա մատակարարելու վերաբերյալ։

Վրացական Apsny.ge-ն փետրվարի 8-ին գրել է, որ Վրաստանի էլեկտրաէներգետիկական համակարգը սկսել է տարանցիկ միջանցք ծառայել՝ էլեկտրաէներգիա տեղափոխելով Ռուսաստանից դեպի Հայաստան: ՀՀ Էներգետիկայի նախարարությունում, մեկնաբանելով վրացական ԶԼՄ-ից հայտնած տեղեկությունը, նշել են, որ խոսքը գնում է միայն Վրաստանից Հայաստան մատակարարման մասին:

Էլեկտրաէներգիայի մատակարարումը սկսվել է փետրվարի 5-ին: Նախատեսվում է մինչև ամսվա վերջ ներկրել 20 մլն կՎտժամ կամ միջին օրական 650-700 կՎտժամ էլեկտրաէներգիա, PanARMENIAN.Net-ին տեղեկացրել են ՀՀ Էներգետիկայի և Բնական պաշարների նախարարությունից։ Ի տարբերություն «Հրազդան ՋԷԿ»-ի, որի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը 35,78 դրամ է, կնքված պայմանագիրի շրջանակում էլեկտրաէներգիան ձեռք է բերվում 6,3 ցենտով, ինչը Կենտրոնական բանկի փետրվարի 8-ի փոխարժեքով համարժեք է 31,1 դրամի։

Երկու դեպքում էլ սակագներն առանց ԱԱՀ-ի են։

Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև դեկտեմբերի 23-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Դեկտեմբերի 23-24-ը Երևանում անցկացվել է Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների համատեղ նիստը՝ նվիրված տարածաշրջանային էներգետիկ գործակցության զարգացման հեռանկարներին: