10 փետրվարի 2016 - 11:45 AMT
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն. Ադրբեջանի տնտեսության վատթարացումը կարող է սրել ԼՂ խնդիրը

ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովում լսումների շրջանակում զեկույցով հանդես է եկել ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլապպերը: Նա զեկույցում անդրադարձել է նաև ԼՂ հակամարտությանը:

Քլապպերի բնորոշմամբ, 2015-ը նախանշվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով, գրում է Panorama.am-ը:

«Բաքվի կողմից համառորեն սպառազինությունները ավելացնելուն զուգահեռ Ադրբեջանի տնտեսական պայմանների վատթարացումը մեծացնում է 2016-ին հակամարտության սրման հավանականությունը»,- նշել է Ազգային հետախուզության տնօրենը:

Վերջինս նաև հավելել է, որ Ադրբեջանի խորշումը՝ հանրայնորեն հրաժարվել ԼՂ նկատմամբ իր պահանջներից, և Հայաստանի դժկամությունը՝ զիջել իր վերահսկողության տակ գտնվող տարածքները, կշարունակեն բարդացնել խաղաղ կարգավորման գործընթացը:

2015-ի ընթացքումղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պարբերաբար եղել է չափազանց լարված: Կիրառվել են հրետանային միջոցներ, տանկեր, հետ են մղվել մի քանի դիվերսիոն գործողություններ: Երկու կողմն էլ զոհեր է ունեցել:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պատերազմ է՝ հրադարար, ըստ էության, չկա:

Չնայած միջազգային հանրության կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող նախահարձակ գործողությունների կանխարգելմանն ուղղված մեխանիզմների ներդրման շուրջ տարբեր մակարդակներով արվող առաջարկություններին և դրանց իրականացման ուղղությամբ հայկական կողմի դրսևորած հետևողական ջանքերին, այդուհանդերձ պաշտոնական Բաքուն շարունակում է ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ առաջնագծում արհեստականորեն պահպանել լարվածությունը:

2016-ի հունվարի 31-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 տիպի նռնականետից, ինչպես նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 5600 կրակոց: