10 փետրվարի 2016 - 14:12 AMT
Ստամբուլում տարեց հայ ամուսինների վրա հարձակվելու գործով 8 մարդ է ձերբակալվել

Թուրքական Haberler լրատվական կայքի տեղեկացմամբ` 85-ամյա Հակոբ Դեմիրջիի սպանության մեջ մասնակցություն ունենալու մեղադրանքով Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ձերբակալվել է 8 հոգի:

Ըստ աղբյուրի` ձերբակալվածները Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիներ են, գրում է Ermenihaber.am-ը:

Ստամբուլի Շիշլի թաղամասում բնակվող Սեդա Աիդա Դեմիրջին և նրա ամուսինը՝ Հակոբ Յակուփ Դեմիրջին, հարձակման են ենթարկվել իրենց տանը:

Փետրվարի 6-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում բնակվող Սեդա Աիդա Դեմիրջին և նրա ամուսինը՝ Հակոբ Յակուփ Դեմիրջին, հարձակման են ենթարկվել իրենց տանը: Երեքհոգանոց խումբը թափանցել է Դեմիրջիների բնակարան, խեղդամահ արել Հակոբին ու վնասվածքներ հասրցել Սեդային: Բնակարանը թալանվել է:

Սեդա Աիդա Դեմիրջին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բուժում ստանալուց հետո դուրս է գրվել և տեղափոխվել ազգականների մոտ:

Հանցագործների ինքնությունը դեռ բացահայտված չէ, ինչպես նաև հստակ չէ, թե կատարվածը պետք է որակել որպես գողություն, թե ատելության հողի վրա իրականացված սպանություն: Սակայն հարձակման զոհ դարձած զույգը կապված է էղել խոզի կաշվից պատրաստված պարանով` մեթոդը հնուց ի վեր օգտագործվում է Թուրքիայում այլադավաններին նվաստացնելու համար: Այդ մանրամասնը թույլ է տալիս ենթադրել, որ հարձակումը տեղի է ունեցել ազգայնական հողի վրա:

Հայերը Ստամբուլում հաճախակի են բռնությունների թիրախ դառնում: Դեռևս 2012 թվականին Ստամբուլի Սամաթյա թաղամասում հարձակման էին ենթարկվել տարեց հայուհիներ`նոյեմբերի 28-ին դաժան ծեծի էր ենթարկվել 87-ամյա Թուրֆանդա Աշըքը, ով կորցրել էր մեկ աչքը, դեկտեմբերի 28-ին սեփական բնակարանում դանակի 8 հարվածով սպանվել էր 84-ամյա Մարիցա Քյուչյուքն (ում մարմնին արյունով խաչ էր պատկերված), 2013-ի հունվարի 6-ին, եկեղեցի գնալու ճանապարհին, 3 անձինք ավտոմեքենայով փորձել էին առևանգել տարեց մի հայուհու, սակայն նա կարողացել էր փրկվել, հունվարի 22-ին բնակարանի մուտքի մոտ անհայտ անձի կողմից դաժան ծեծի էր ենթարկվել 83-ամյա Սուլթան Այքարը, ով կորցրել էր մեկ աչքը: Թուրքական ոստիկանությունը սպանությունների համար ձերբակալել է շիզոֆրենիայով տառապող հայ Մուրադ Նազարյանին, ում դատավարությունը շարունակվում է ցայսօր. ինքը Նազարյանը պնդում է, որ անմեղ է ու սպանությունների ու հարձակումների հետ որևէ առնչություն չունի: