15 նոյեմբերի 2002 - 22:15 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼՈՒ Է ՀԱՏՈՒԿ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ` ՑՄԱՀ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2004 թվականին Հայաստանում նախատեսվում է ՆԳՆ կառույցներում հատուկ հիմնարկություն ստեղծել`ցմահ բանտարկության դատապարտված անձանց համար: Ինչպես հաղորդել է Հայաստանի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Նիկոլայ Արուստամյանը, 1991 թվականից Հայաստանում գործող մահապատժի սահմանափակման առնչությամբ մահապատժի ցմահ բանտարկությամբ փոխարինման սպասող մարդկանց թիվն այսօր հավասար է 42-ի: Իր հերթին, ՀՀ ՆԳ նախարարի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը նշել է, որ չնայած 1961 թվականից ՀՀ քրեական օրենսգրքում մահապատժի առկայությանը, դահիճի հաստիք չի նախատեսվել: Հետաքրքիր է, որ հայ հասարակությունը մահապատիժ պահանջելով` չափազանց բացասական է վերաբերվում դահիճի մասնագիտությանը, նշել է Գրիգորյանը: Նա նաեւ հաղորդել է, որ ամերիկացի մասնագետների հաշվարկներով, հարկատուների համար մահապատժի իրագործումը 2,5 անգամ ավելի թանկ է նստում, քան ցմահ բանտարկության դատապարտվածներին պահելը: