12 փետրվարի 2016 - 11:42 AMT
Քեսաբը 50 տ հումանիտար օգնություն է ստացել ՌԴ-ից

Սիրիական Լաթաքիա նահանգի Քեսաբ քաղաքի բնակիչները հումանիտար օգնություն են ստացել Ռուսաստանից և Սիրիայից։ Փետրվարի 11-ին ՌԴ օդուժի 2 ռազմատրանսպորտային ինքնաթիռ ժամանել են ռուսական ավիաբազա` հասցնելով մոտ 50 տոննա հումանիտար օգնություն Սիրիայի քաղաքացիների համար։

Այն նախատեսված է արաբական հանրապետության շրջանների և քաղաքների բնակիչների համար, Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը:

Բացի պարենից և դեղորայքից, ինքնաթիռները բերել են նաև հագուստ, դպրոցական պարագաներ, ինչպես նաև նվերներ երեխաների համար` քաղցրավենիք և խաղալիքներ:

Լաթաքիայի նահանգապետ Իբրահիմ Հոդր աս-Սալեմը հայտնել է, որ ռուսական հումանիտար օգնության մի մասն արդեն ուղարկվել է շրջափակված Դեյր Էզ Զոր քաղաք, մինչդեռ մյուս մասը բաժանվել է սիրիական քաղաքներով:

Քեսաբ քաղաքը, որը հիմնականում բնակեցված է հայերով, 2 տարի առաջ հարձակման է ենթարկվել ծայրահեղական խմբավորումների կողմից: Այժմ քաղաքում տեղակայված են սիրիական բանակի ստորաբաժանումները: Խաղաղ ժամանակներում լեռնային այս քաղաքը համարվում էր լավագույն հանգստավայրերից մեկը երկրի հյուսիսում։

2016-ի հունվարին Թուրքական սահմանից ոչ հեռու, Սիրիայի Լաթաքիա գավառում գտնվող հայաբնակ Քեսաբը հունվարի 20-ին հրետակոծվել է «Գրադ» ռեակտիվ հրետանային համակարգերից: Քաղաքի ուղղությամբ երկու արկ է արձակվել: Մեկն ընկել է տեղի մզկիթից մի քանի մետր հեռավորության վրա, մյուսը` հայ ավետարանչական եկեղեցու մոտ: Հրետակոծման արդյունքում մեկ մարդ ծանր վիրավորվել է, զոհեր չկան:

2015-ի դեկտեմբերի 12-ին սիրիական բանակն ազատագրելով Քեսաբի մերձակայքում գտնվող «Զահի» լեռնագագաթը, ազատագրել է նաև Քեսաբ-Լաթաքիա մայրուղու բոլոր այն բլրներն ու անտառները, որոնք ահաբեկչական խմբավորումներն օգտագործել են դիտուկահարների տեղակայման և շրջանը հրթիռակոծելու նպատակով:

Բացվել է նաև «Քասդալ Մուաֆ» մայրուղին՝ մինչև Քեսաբի սահմանային կետը: Երեք տարի փակ մնալուց հետո դեկտեմբերի 12-ին առաջին անգամ ավտոբուսները Լաթաքիայից Քեսաբ ուղևորվել են այդ մայրուղով:

2014-ի մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը Քեսաբում: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիք (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթաքիայում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Քեսաբի հայերի թվում զոհեր չեն եղել: