12 փետրվարի 2016 - 12:43 AMT
ԼՂՀ ՊՆ-ն հերքում է «հայկական դիվերսիայի» մասին Բաքվի հերթական ապատեղեկատվությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից փետրվարի 12-ին տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություն և տալով 5-7 զոհ ստիպված նահանջել, քարոզչական հնարք է և իրականությանը չի համապատասխանում, ասվում է ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե փետրվարի լույս 12-ի գիշերը հայկական ԶՈւ դիվերսիոն-հետախուզական խմբերը տարբեր հատվածներում փորձել են հարձակվել ադրբեջանական դիրքերի վրա: Ասվում էր նաև, թե իբր հայկական կողմը մինչև 7 զոհ է տվել:

Փետրվարի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից (10 արկ), ՌՊԳ-7 (8 արկ), ՀԱՆ-17 (3 արկ), ՀՀՆ-9 (1 արկ) և ԳՊ-25 (6 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկել են պատժիչ միջոցառումներ և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Չնայած միջազգային հանրության կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող նախահարձակ գործողությունների կանխարգելմանն ուղղված մեխանիզմների ներդրման շուրջ տարբեր մակարդակներով արվող առաջարկություններին և դրանց իրականացման ուղղությամբ հայկական կողմի դրսևորած հետևողական ջանքերին, այդուհանդերձ պաշտոնական Բաքուն շարունակում է ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ առաջնագծում արհեստականորեն պահպանել լարվածությունը: