Գերմանիայի իշխանություններն ակնկալում են, որ 2016-ին երկիր կժամանի ևս մոտ 500 հազար փախստական, հայտնում է Rheinische Post-ը աշխատանքի նախարարությունում աղբյուրների վրա հղումով:
Ըստ թերթի, համապատասխան իրազեկումը ՆԳՆ ղեկավար Թոմաս դը Մեզիերն ուղարկել է ԳԴՀ միգրացիայի և փախստականների գծով դաշնային գերատեսչության ղեկավար Ֆրանկ-Յուրգեն Վայզեին, հայտնում է ՌԲԿ-ն:
2015-ի դեկտեմբերին Գերմանիան պաշտոնապես հաստատեց, որ տարեսկզբից երկրում գրանցվել է ավելի քան 1 մլն փախստական: Ավելի վաղ Գերմանիայի ՆԳՆ-ն կանխատեսել էր, որ մինչև տարեվերջ երկիր կժամանի մոտ 800 հազար փախստական: Գերմանիան ընդգրկվել է այն երկրների ցանկում, որոնք սահմանափակումներ են մտցրել սահմաններին Շենգենի գոտու շրջանակներում` այդպիսով սահմանափակելով Շենգենի կոնվենցիայի գործողությունը:
Գերմանիայի իշխանությունները մտադիր են խստացնել ապաստանի տրամադրման կարգը 2016-ին: Նոր միջոցները, որոնց մասին խոսել են իշխող կոալիցիայի անդամները, կներառեն միգրանտների արտաքսման ժամկետների կրճատում Գերմանիայում ապաստան չստացածների համար: Բացի այդ, այն փախստականները, որոնց վրա չի տարածվում փախստականների կարգավիճակի մասին Ժնևի կոնվենցիայի գործողությունը, բայց որոնք փախստականի կարգավիճակ են ստացել Գերմանիայում, 2 տարի չեն կարողանա իրենց ընտանիքը երկիր տեղափոխել:
Ավելի վաղ Բունդեսթագի մի խումբ պատգամավորներ գրավոր պահանջեցին Մերկելից փակել մուքտը երկիր այն փախստականների համար, որոնք քաղաքական ապաստանի իրավունք չունեն: Նույն օրը Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հայտարարեց, որ Մերկելի միգրացիոն քաղաքականությունն ունի «միանգամայն հստակ ծրագիր, որի նպատակն է կատարել ազգային և եվրոպական խնդիրները», հայտնում է dw.com-ը:
Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: 2015-ի հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:
Ընդհանուր առմամբ, 2015-ին Եվրոպայի ճանապարհն է բռնել մոտ 1 միլիոն փախստական: Փախստականների ուղին սկսվում է Սիրիայից, Լիբիայից և միջերկրածովյան այլ երկրներից: Նրանք նավակներով հասնում են Հունաստանի, Իտալիայի կղզիներ, այնուհետև ճանապարհը շարունակում հյուսիս՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա: