16 փետրվարի 2016 - 11:22 AMT
Հալեպը հերթական անգամ հրթիռակոծվել է. Զոհեր ու վիրավորներ կան

Ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Սիրիայի Հալեպ քաղաքի մի քանի շրջաններ, այդ թվում՝ Նոր գյուղ, Թելեֆոն Հաուայի, Սեյրաֆի, Սուլեյմանիե։ Այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» պարբերականի ֆեյսբուքյան էջը

Ավերվել են բազմաթիվ բնակարաններ, կան զոհեր ու վիրավորներ։ Մեծ վնասներ է կրել Սիրիահայ օգնության խաչի բժշկական կենտրոնը։

Հալեպի թաղամասերը զինյալահաբեկչական խմբավորումների կողմից հրթիռակոծվել են նաև փետրվարի 13-ին: Զոհեր և վիրավորներ կան: Զոհվածների թվում է 1983թ. ծնված հայազգի Վիգեն Ոսկերիչյանը:

Փետրվարի 5-ին և 6-ին Հալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումները գազի պայթուցիկ տակառներով հրթիռակոծել են քաղաքի խաղաղ բնակչությունը, հատկապէս Նոր Գյուղի շրջանը:

Բնակարաններ են ավիրվել, հասցվել են նյութական վնասներ: Բնակչությունը զրկվել է էլեկտրականությունից: Փետրվարի 3-ին երեկոյան ահաբեկչական խմբավորումներն ինքնաշեն մի քանի հրթիռներ են արձակել Հալեպի հայաշատ թաղամասերի ուղղությամբ։Դրանցից մեկը պայթել է Հալեպի Նոր գյուղի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և Սահակյան վարժարանը միացնող հատվածում, իսկ մյուսը՝ ներկայիս հայկական ծերանոցի մոտ։ Վերջինիս պայթյունից բռնկվել են էլեկտրահաղորդման լարերը:

Տեղի ունեցած պայթյունների պատճառով վիրավորներ են եղել, գրանցվել են նաև նյութական մեծ վնասներ, վնասվել են բնակարաններ, խանութներ, մեքենաներ, պետական գույք։

Սիրիական բանակը փետրվարի 3-ին ազատագրել է Հալեպի հյուսիսիային շրջանում գտնվող Նըպպոլ և Ալ Զահրաա ավանները, որոնք ավելի քան 3 տարի շրջափակված էին ահաբեկչական խմբավորումների կողմից:Բացվել է Ազեզեն-Հալեպ ճանապարհը: Ահաբեկիչները փախուստի են դիմել դեպի թուրքական սահման:

Փետրվարի 3-ին հայտնի է դարձել, որ Սիրիայի բանակը աշխարհազորայինների աջակցությամբ մեկուսացրել է գլխավոր ուղիները Հալեպի հյուսիսում, որոնք ահաբեկիչներին կապում էին Թուրքիայի հետ:

Բանակը հունվարի 25-ին Դարաա նահանգում զինյալներից ազատագրել է ռազմավարական նշանակություն ունեցող Շեյխ-Միսքին քաղաքը: Նույն օրը Սիրիայի կառավարական զորքերը հսկողություն են հաստատել Լաթաքիայի Ար Ռաբիա քաղաքում: Գրոհին մասնակցել են նաև ռուս սպաներ, ռուսական օդուժի աջակցությամբ: Դա Բաշար Ասադին սատարող ուժերի համար ելք է բացել մինչև Թուրքիայի սահման:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ բանակն ազատագրել է Լաթաքիայի շրջանի մի քանի գյուղ, այդ թվում նաև հայաբնակ Ղնեմիե գյուղը, որի բնակիչները հեռացել են 4 տարի առաջ՝ զինյալ ահաբեկչական խմբավորումների ներխուժելու պատճառով:

Սիրիայի բանակը հունվարի 12-ին իր հսկողության տակ է առել Լաթաքիայի մոտ գտնվող Սալմա գյուղական ավանը: