16 փետրվարի 2016 - 15:53 AMT
ԵԽ-ն կշարունակի սահմանադրության փոփոխություններով պայմանավորված փորձագիտական օժանդակությունը

Հայաստանաը կարևորում է Հայաստան-ԵԽ համագործակցությունը և կառույցի աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Այդ մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ընդունելով Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

Գոհունակություն հայտնելով Հայաստանի իշխանությունների և կառավարության հետ ԵԽ համագործակցության և ԵԽ մարմիններում Հայաստանի պատշաճ ներկայացվածության կապակցությամբ՝ Վուտովան նշել է, որ այն զարգացնելու լավ հնարավորություններ կան:

ԵԽ գրասենյակի ղեկավարը բարձր է գնահատել 2013 թվականի Հայաստանի նախագահությունը ԵԽ նախարարների կոմիտեում: Նա ընդգծել է, որ ԵԽ հայաստանյան գրասենյակի և Հայաստանի տարբեր պետական ինստիտուտների հետ ձևավորվել է արդյունավետ համագործակցություն, և ԵԽ-ն պատրաստ է շարունակել օժանդակել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

Կողմերն անդրադարձել են 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Սահմանադրության փոփոխություններին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ խորհրդարանական կառավարումը կնպաստի ժողովրդավարության զարգացմանը, և Հայաստանի քաղաքական համակարգն առավել բաց և ճկուն կդառնա:

Նատալյա Վուտովան էլ ընդգծել է, որ ԵԽ-ն կշարունակի փորձագիտական օժանդակություն ցուցաբերել Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ ընդունման ենթակա իրավական ակտերի շրջանակի հստակեցման և օրենսդրության համապատասխանեցման գործընթացին, հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպմանն արծարծվել են Սահմանադրության բարեփոխումներով պայմանավորված Հայաստանի ընտրական օրենսգրքի փոփոխություններին վերաբերող հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում համագործակցության վերաբերյալ:

2015-ի դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի: Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են նախագահի ընտրության անուղղակի համակարգ, նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին: