Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը պատրաստվում է զբաղվել քաղաքացիների բջջային հեռախոսահամարներին գովազդային նպատակներով ուղարկվող հաղորդագրություններով:
Գովազդային նպատակներով տարբեր ընկերություններից գրեթե ամեն օր բջջային sms-հաղորդագրություններ ենք ստանում, որոնցով դրանք տեղեկացնում են իրենց ծառայությունների կամ նորամուծությունների մասին: Բջջային հաղորդագրություններ են ուղարկում նաև Մայր Աթոռ սբ Էջմիածինը, տարբեր նախարարություններ:
Պարզվում է` իրավախախտում է, եթե բջջային հեռախոսահամարի տերը այդ մասին համաձայնություն չի տվել, գրում է Panorama.am-ը:
«Գովազդային նպատակներով մեր հեռախոսահամարի օգտագործումն առանց մեր իմացության մեր անձնական տվյալների անօրինական օգտագործում է, և օրենքը այդ կապակցությամբ կարգավորում չի առաջարկում», - փետրվարի 16-ին լրագրողներին հայտնել է ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը:
Նա տեղեկացրել է , որ իրենք սկսել են զբաղվել խնդրով և հեռախոսային օպերատորների իրավաբանական բաժինների ղեկավարների հետ փետրվարի 15-ին հանդիպում է կայացել գործակալությունում, ներկայացվել է մտահոգող հարցը ու ստացել են պարզաբանումներ:
Դոյդոյանի խոսքով, իրենք հեռախոսային ծառայություն մատուցող ընկերությունների ներկայացուցիչներին մի քանի տարբերակ են առաջարկել. օրինակ` եթե քաղաքացին չի ցանկանում ստանալ sms-հաղորդագրություն, պետք է հնարավորություն ունենա իր բջջային հեռախոսով հատուկ կարգավորումների ու զանգերի օգնությամբ դուրս գա այդ ցանկից:
Մյուս առաջարկությունը, որ գործակալությունն արել է օպերատորների ներկայացուցիչներին, քաղաքացուն ընտրելու հնարավորություն տալն է: «Օրինակ, կա քաղաքացի, որն ուզում է մշակույթի ոլորտին վերաբերող sms-հաղորդագրություն ստանալ, բայց կոմերցիոն նպատակներով հաղորդագորւթյուններ չստանալ: Այս տարբերակը շատ ընդունված է միջազգային փորձում», նկատել է Դոյդոյանը:
Սակայն, օպերատորների հետ հանդիպման ժամանակ, ըստ Դոյդոյանի, փետրվարի 15-ին պարզել են, որ ամեն ինչ չէ, որ կախված է հեռախոսային ծառայություն իրականացնող ընկերություններից և պարզվել է, որ այս ոլորտում էլ կա «սև շուկա» հասկացությունը:
«Պարզվում է, որ հեռախոսային բազաները հայտնվել են դրա իրավունքը չունեցող անձանց ձեռքում և նրանք իրենց կամքով ու ցանկությամբ անօրինական կերպով ծառայություն են մատուցում այս կամ այն ընկերությանը ու դրանց պատվերով տարածում են առևտրային բնույթի հաղորդագրություններ, և դա ընդհանրապես դուրս է հեռախոսային ծառայություն մատուցող ընկերությունների իրավասություններից: Սա շատ լուրջ է ու նրանց հայտնաբերելը շատ դժվար է», -ներկայացրել է Դոյդոյանը` ընդգծելով, որ փորձելու են աշխատել ոստիկանության հետ` հասկանալու, թե պայքարի ինչ ձևեր կարող են գտնել:
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետը տեղեկացրել է, որ քննարկումների արդյունքում կընդունվի տարբերակ և մարտի սկզբին քաղաքացիների ու ՀԿ-ների համար կներկայացվի ուղեցույց, որի օգնությամբ հնարավոր կլինի տեղեկանալ` ինչ անել նման դեպքերում: