Վրաստանը կարող է էլեկտրաէներգիայի ավելցուկը գարնան և ամռան ամիսներին առաքել Իրան Հայաստանի տարածքով և հետ ստանալ ձմռանը, երբ երկրում աճում է սպառումը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
Վրաստանի էներգետիկայի նախարարը գտնվում է Իրան պաշտոնական այցով: Այցի շրջանակում Իրանի կառավարության անդամների հետ քննարկվում են էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր:
«Հետաքրքիր է, որ երբ մեզ մոտ էլէներգիայի ավելցուկ է առաջանում, ջրի ծավալի ավելցուկ գարնան և ամռան ամիսներին, Իրանն էլեկտրաէներգիայի կարիք ունի և ներմուծում է այն Հայաստանից: Մենք կարող ենք էլեկտրաէներգիա վաճառել Իրանին Հայաստանի տարածքով, իսկ ձմռանը, երբ սպառվում է առավելագույն քանակի էլեկտրաէներգիա, ներմուծել այն Իրանից Հայաստանի տարածքով»,-մեջբերում է Կալաձեի խոսքը Վրաստանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը, հայտնում է bizzone.info-ն:
Կալաձեն նշել է, որ Իրանը չափազանց կարևոր և հետաքրքիր երկիր է, առավել ևս նրա դեմ գործող պատժամիջոցների չեղարկումից հետո:
«Այդ երկրի ռեսուրսները մենք պետք է առավելագույնս օգտագործենք, պետք է ամեն ինչ անենք, որ նոր հետաքրքիր նախագծեր կյանքի կոչենք»,-ասել է Կալաձեն:
Ըստ նրա, հանդիպումներում քննարկվել է նաև գործակցությունը տրանսպորտի ոլորտում` երկաթուղի, ցամաքային տրանսպորտ:
«Մենք պատրաստակամություն ենք հայտնել, որ մեր միջանցքն առավելագույնս օգտագործվի իրանական բեռների համար: Կարծում եմ, այդ նախագծերի իրականացումը կնպաստի երկրի տնտեսության զարգացմանն ընդհանուր առմամբ»,-ասել է Կալաձեն:
Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները հայտնել են, որ բանակցություններում խոսվելու է Իրանից բնական գազ ստանալու մասին, ինչն, ըստ Կալաձեի, կարելի է իրականացնել 2 ճանապարհով` Ադրբեջանով և Հայաստանով: «Հետաքրքրական է նաև բնական գազի գինը, որքանով է այն մրցունակ Վրաստանում գործող գների համեմատ»,-հայտարարել է Կալաձեն:
«Գազպրոմն» ու Վրաստանը բանակցում են ՌԴ-ից գազի առաքումների ավելացման շուրջ: Թբիլիսին որպես պատճառ նշում է սպառման աճը Վրաստանում և ադրբեջանական գազի առաքման հետ կապված դժվարությունները: Նաև բանակցություններ են ընթանում ՀՀ տարածքով իրանական գազի մատակարարման մասին: